Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի գործը կկարճվի թե ոչ, հայտնի կդառնա հոկտեմբերի 30-ին (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի «գործով» հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16։00-ին։ Այդ օրը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրապարակելու է նաև ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան:

Պաշտպանական կողմը սեպտեմբերի 18-ի նիստում միջնորդել է դադարեցնել Ամենայն Հայոց կաթողիկոսի և մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը։ Պաշտպանները նաև առաջարկել են, որ ընթացակարգային խոչընդոտի առկայության դեպքում դատարանը դիմի Սահմանադրական դատարան։

«Պետությունն իրավունք չունի որոշելու, թե ով պետք է լինի եպիսկոպոս»,- դատարանում ասել է պաշտպան Արա Զոհրաբյանը։

Պաշտպանը շեշտել է, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը բացառապես հոգևոր, կանոնական և կրոնական բնույթի ակտ է, հետևաբար, նրա պնդմամբ, կաթողիկոսին մեղսագրվող արարքը հանցագործություն չէ։

Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի ելքը Հայաստանից նույնպես արգելվել է։

Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի ժամանակ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել, որից հետո գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։

Օգոստոսի 28-ին Ռուշանյանը որոշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների «գործը» պետք է փոխանցվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Սեպտեմբերի 3-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։

Սեպտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վճռաբեկ դատարանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց եպիսկոպոսների «գործը» կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Leave a comment