Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել

Հասարակություն

18.09.2026 | 16:19

Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել: Factor TV-ի տեղեկություններով վարույթը նախաձեռնվել է Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչությունում, որից հետո այն ուղարկվել է Երևան՝ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչություն:

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՆԳՆ ոստիկանությունը:

«Օրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։

Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և հարցը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։ Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով»։

Նշենք, որ խոսքը Factor TV-ին ահազանգած Խաժակ Թովմասյանի դեպքի մասին է: Քաղաքացին մեզ ուղարկել էր նաև տեսանյութեր, որում երևում են նրա վնասվածքները: Թովմասյանի պնդմամբ՝ դրանք պատճառել են Հրազդանի ոստիկանները:

Մեր տեղեկություններով՝ վարույթ նախաձեռնելուց հետո նշանակվել էր նաև փորձաքննություն և Թովմասյանը հրավիրվել է համապատասխան մարմին՝ փորձաքննություն անցնելու համար:

 

Արաքս Մամուլյան

Leave a comment