«Բազմիցս հնչեցրել եմ, որ տարեվերջին կունենանք նմուշները, և, ըստ էության, մենք այդ նմուշներն ունեցել ենք, բայց թյուր կարծիք կա հասարակության մեջ, որ մենք կատարել ենք ամբողջական գնում»:
Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակհայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել: Սա նաև ի գիտություն տեղական արտադրամասերի, ընկերությունների, որոնց մոտ այս թյուր կարծիքը ստեղծվել է գուցե արհեստականորեն»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կա ամերիկյան մի ընկերության հետ պայմանագիր, որը ենթադրում է, որ ընկերությունը պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր և լեկալներ:
«Սա ենթադրում է, որ այն զուգահեռ պետք է ունենա փորձանմուշների որոշակի խմբաքանակ, որն այս փուլում արդեն ԶՈՒ-ում անցնում է զորային փորձարկում, որից հետո 2026 թվականի ընթացքում մենք կունենանք գնման գործընթաց, որին կարող են մասնակցել նաև տեղական ընկերությունները: Բայց այն, որ մենք արդեն ունենք ընդհանուր պատկերը, թե ինչպիսին պետք է լինի դաշտային համազգեստը տարբեր զորատեսակների համար, արդեն հստակ է»,- ասել է Պապիկյանը:
Նա հավելել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կլինենամենօրյա և տոնական համազգեստների նմուշներ որոշակի խմբաքանակով, որը ևս կանցնի փորձարկման փուլ:
«2026 թվականին գնման գործընթացի արդյունքում դա կտարածվի ամբողջ ԶՈՒ-ի վրա: Կարծում եմ՝ այսքանով այս հարցի շուրջ քննարկումները և շահարկումները պիտի ավարտենք»,- եզրափակել է նախարարը: