1,5 միլիոն դրամ՝ «սեկտեմբեր», «մացիմացիկա» ասող պատգամավորներին

Որքան երկրում ահագնանում է գնաճը, իսկ աղքատությունը կայուն պահպանվում է գրեթե նույն մակարդակում (վերջին տվյալներով՝ 2024 թվականին աղքատությունը կազմել է 21,7 տոկոս, ծայրահեղ աղքատությունը՝ 0,6 տոկոս),  խորանում է սոցիալական լարվածությունը, բազմաթիվ ընտանիքներ ապրում են ծանր պայմաններում, և իրենց տարրական կարիքների համար շատերը ոչ թե պետական կառույցների, այլ շարքային մարդկանց դրամահավաքների հույսին են՝ երեխաների համար գրենական պիտույքներ ու դպրոցական համազգեստ գնելու, վիրահատության կամ բուժման ծախսերը հոգալու համար, պաշտոնյաներն այնքան ավելի են բարձրացնում իրենց աշխատավարձերը, ճոխացնում պարգևավճարները և ավելի բարեկեցիկ կյանքով ապրում:

 

Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ինքը, ի տարբերություն նախկին ղեկավարների ու պաշտոնյաների, թալանով չի զբաղվում և չի հանդուրժի նման բան նաև իր թիմակիցների կողմից: Բայց եթե թարս նստենք և շիտակ խոսենք, արդյո՞ք պետական ապարատում պաշտոնյաների ու ծառայողների աշխատավարձերի նման պարբերականությամբ բարձրացումները պետական բյուջեի թալան չեն, այն դեպքում, երբ հանրային բազմաթիվ կարիքներ մնում են չբավարարված, գործազրկության իրական թվերը չեն նվազում, երբ 21-րդ դարում Հայաստանում սովից մարդ է մահանում:

 

Աշխատող աղքատների թիվը չի նվազում, որովհետև Հայաստանում աշխատողների համար արժանապատիվ աշխատավարձի մասին պետությունը չի հոգում, և շատերն ստիպված են անգամ նվազագույնին հավասարեցրած աշխատավարձով տքնել՝ այլընտրանք չունենալով:

 

Փողոցներում շարունակում են շրջել մուրացիկներն ու աղբամաններ փորողները, խանութներում գնումներ անողների տոպրակները նույն գումարի դիմաց ավելի ու ավելի քիչ ծավալով են լցվում, որովհետև գնաճի պայմաններում իրենց կայուն աշխատավարձերը և անգամ բարձրացված թոշակները հազիվ են բավարարում սպառողական զամբյուղի համար: Բայց մեր պաշտոնյաներն իրենց մեքենաների պատուհաններից են նայում ժողովրդի կյանքին (ինչպես ասվում է դասական ֆիլմում) և զավեշտալի ու իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններ անում:

 

Օրինակ՝ մայրաքաղաքում անվերջանալի խցանումները թե՛ Փաշինյանը, թե՛ իր թիմի պաշտոնյաները բացատրում են մարդկանց խիստ բարելավված կյանքով՝ հավատացնելով, թե մարդիկ հարստացել են, սկսել են շատ լավ ապրել իրենց պաշտոնավարման շնորհիվ և կարողանում են մեքենա գնել ու սպասարկել այն։ Կարծես թե 21-րդ դարում մեքենա ունենալը սոցիալական բարձր կարգավիճակի ցուցիչ է։ Թե ինչ հաշվարկների ու ուսումնասիրությունների վրա են հիմնված նման պնդումները, պարզ չէ. թերևս, ինչպես շատ դեպքերում, այս դեպքում ևս աչքաչափով արված հետևություններ են։ Մարդկանցից իրենց կյանքի ու ապրելակերպի մասին հարցուփորձ անելով՝ կարելի էր պարզել, որ նրանց մեծ մասը վարկով է մեքենա գնել և հիմա կաշվից դուրս է գալիս այդ մեքենայի արժեքից կրկնակի կամ ավելի շատ գումար բանկերին ու վարկային կազմակերպություններին վճարելու համար, ինչի արդյունքում նրանք ավելի են աղքատանում։

 

Համենայն դեպս, լավ ապրող ու բավարար ֆինանսական միջոցներ ունեցող մարդը հիմար չէ վարկային պարտավորությունների տակ մտնելու և ապրանքի արժեքից զգալիորեն մեծ գումար վճարելու համար. նա միանգամից, պետության ջանքերի շնորհիվ իր հարստացման արդյունքում վաստակած գումարով կգներ այդ մեքենան: Շատերն էլ մեքենա են գնում նորից վարկով, որպեսզի կարողանան այն որպես տաքսի ձևակերպել ու օրվա ապրուստի համար միջոցներ հայթայթել։ Դա էլ լավ օրից չէ, բնականաբար։

 

Բայց նման ուսումնասիրություններն ամենևին ձեռնտու չեն օրվա իշխանություններին, որովհետև նրանց արդարացումներ են հարկավոր իրենց բարձրացող աշխատավարձերի համար։ Այդպես գոնե պնդում են՝ որպեսզի իրենց արդյունավետ, անգամ գերարդյունավետ կառավարման շնորհիվ կարողացած լինեն անհամեմատ բարելավել քաղաքացիների կյանքը, և դրա համար արժանի են գումարային ավելի մեծ խրախուսանքի՝ գերբարձր աշխատավարձերի ու պարգևավճարների տեսքով։

Վերջերս կառավարությունը հավանություն տվեց պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի փոփոխությունների նախագծին, որով իշխանությունը էականորեն բարձրացնելու է աշխատավարձերի դրույքաչափերը։ Պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելիս։ Նոր կարգավորումներով՝ նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, ինչի շնորհիվ երկրի նախագահի աշխատավարձը 1,5 միլիոնից կդառնա 2,6 միլիոն դրամ. վարչապետի աշխատավարձն էլ կդառնա նույնքան։

Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի շեմին՝ ներկայիս 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2,1 միլիոն դրամի չափով։ Էականորեն կբարձրանան նաև պատգամավորների աշխատավարձերը. գործող բանաձևով նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, իսկ փոփոխությունների արդյունքում այն կհասնի մինչև 1,5 միլիոն դրամի։ Էականորեն կբարձրանան նաև Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների և դատական իշխանության աշխատավարձերը։ Այս թվերում ներառված են նաև հարկերը։

Աշխատավարձերի այս բարձրացումը, սակայն, չի ենթադրում, որ պարգևավճարների գործող համակարգը վերանալու է. պաշտոնյաները նույն պարբերականությամբ շարունակելու են ստանալ իրենց պարգևավճարները՝ անկախ աշխատավարձերի բարձրացումից։ Նախագիծը վերաբերում է պետական ծառայության տասնյակ հազարավոր աշխատողների, սակայն չի տարածվում այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգ։ Այդ բացառությունների թվում են, մասնավորապես, մի շարք ուժային կառույցներ։ Ակնկալվում է, որ աշխատավարձերի այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից՝ ԱԺ հաստատումից հետո։

 

Հարցի քննարկման ընթացքում Փաշինյանը կառավարության այս որոշումն անվանեց «բարեփոխում» և վստահեցրեց․ «Այս բարեփոխումը չանելը կնշանակի Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի ու պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը»։

 

Այդպիսով նա շեշտեց, թե իրենց «բարեփոխումները» նպատակաուղղված են պետական ապարատից կոռուպցիան արմատախիլ անելուն։ Նրա հավաստմամբ՝ բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան կոռուպցիոն գործարքների կարիք չի ունենա։ Նման պնդումներ Փաշինյանը նախկինում ևս արել է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ժամանակ, բայց փորձը ցույց է տվել նրա խոսքերի հիմնավորված չլինելը, քանի որ, չնայած աշխատավարձերի բարձրացմանը, որոշ պաշտոնյաների դեմ այսօր կոռուպցիոն մեղադրանքներով գործեր կան հարուցված։ Վերջին նման հանրային դեպքը Փաշինյանի թիմակից Հայկ Սարգսյանի հետ է կապված, որին անձամբ Փաշինյանն է մեղադրում կոռուպցիայի մեջ։

 

Մյուս կողմից՝ նախագիծն արդարացնելու համար Փաշինյանը նորից հիշեցրեց առողջական ապահովագրության համակարգի ներդրման և թոշակների բարձրացման մասին՝ ասելով, թե դա պաշտոնյաների պարգևավճարների ու խրախուսման համակարգի գործարկման արդյունք է, և իբր դրա շնորհիվ են պաշտոնյաներն այնքան արդյունավետ աշխատել ու բարելավել քաղաքացիների կյանքը։ Դատելով ապահովագրության համակարգի հետ կապված քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններից և թոշակների բարձրացմանը զուգահեռ անհամեմատ կտրուկ գնաճից՝ պետք է արձանագրենք, որ համապատասխան ոլորտի պաշտոնյաները ծույլ աշակերտի «փութաջանությամբ» են կատարել իրենց առաջ դրված հանձնարարությունը և շարունակում են մնալ Փաշինյանի ասած «զրո դասարանում»։ Հետևաբար, նրանց աշխատավարձերը պետք է ոչ թե բարձրացնել, այլ կրճատել՝ որպես վատ կատարած աշխատանքի հետևանք, և զրկել պարգևավճարներից։

 

Իր հերթին՝ նախագծի ներկայացման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բարձրացումները քիչ համարեց՝ նշելով, որ համադրելի պաշտոնյաները պետական ու մասնավոր ոլորտում անգամ բարձրացնելուց հետո կշարունակեն աշխատավարձի էական տարբերություն ունենալ՝ հօգուտ մասնավորի։ Ամենայն հավանականությամբ, այսպիսի համեմատությամբ Փաշինյանի թիմը հանրությանը նախապատրաստում է պետական ապարատում աշխատավարձերի հետագա բարձրացումներին՝ լավագույն մասնագետներին պետական ապարատ ներգրավելու պատրվակով, որպեսզի շահագրգռեն նրանց թողնելու մասնավոր գործունեությունը և պաշտոններ ստանձնելու։

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում «սեկտեմբեր», «մացեմացիկա» ասող ու այդպիսի մտավոր կարողություններ ունեցող պատգամավորների առկայության պայմաններում նման պնդումներն առնվազն զավեշտալի են։

Ի վերջո, Փաշինյանն ինքն է իր թիմի մասին ասել, որ «զրո դասարանում են մնացել» իրենց կարողություններով ու մտավոր ունակություններով։ Եվ հիմա այդ թիմին խրախուսում է՝ քաջ գիտակցելով, որ նրանք այդպես էլ չեն աճելու, քանի դեռ կաշկանդված են իրենց վարչապետի կողմից ու չեն կարող սեփական միտքն ու կարողությունները գործի դնել, եթե չեն ուզում զրկվել աշխատանքից (լավագույն դեպքում) կամ քրեական գործերի մեջ խճճվել (վատագույն դեպքում)։ Իրենք ավելի շատ վարչապետի կամակատարներ են, և տվյալ դեպքում աշխատավարձերի նման աննախադեպ բարձրացումն ավելի շատ որպես կաշառք է ընկալվում թիմակիցների համար, որպեսզի ավելի զուսպ, սուսիկ-փուսիկ ու ջանասիրաբար կատարեն նրա քմահաճույքներն ու պատվերները։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment