Վոլգոգրադի մարզում ՌԴ ՊՆ օբյեկտը հրթիռային հարձակման է ենթարկվել․ հարակից բնակավայրը տարհանվում է

Քաղաքականություն

12.02.2026 | 11:29

ՌԴ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է Կոտլուբան բնակավայրի մոտ գտնվող Պաշտպանության նախարարության օբյեկտում հրթիռային հարձակումից հետո բռնկված հրդեհի մասին։ Նրա խոսքով՝ հրդեհն առաջացել է «բեկորների անկման» հետևանքով, գրում է Current time-ը։

«Տուժածներ կամ քաղաքացիական օբյեկտների վնասներ չկան։ Հրդեհաշիջման ժամանակ պայթյունի սպառնալիքից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար մոտակա Կոտլուբան գյուղում  տարհանում է իրականացվում»,- նշել է նա։

Ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամ ալիքները հաղորդում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռային և հրետանային վարչության պահեստը ենթարկվել է հարձակման: Հաղորդվում է, որ զինամթերքի պայթյունները շարունակվում են։

Astra-ի տվյալներով՝ Կոտլուբանում է գտնվում 57229/51 զորամասը, որը զինամթերքի պահեստավորման մեծ զինանոց է։

Տամբովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու սարքի անկման  հետևանքով, ըստ մարզի նահանգապետ Եվգենի Պերվիշովի, վնասվել են մի քանի շենքեր, հրդեհվել են «Մագնիտ» խանութը և արդյունաբերական ոի տեխնոլոգիական քոլեջի ուսումնական  կորպուսը։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ, որոնք քոլեջի ուսանողներ չեն։

Ըստ Astra-ի՝ հարձակման թիրախը եղել է «Պրոգրես» գործարանը, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է ավիացիոն և հրթիռային կառավարման համակարգերի սարքավորումներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի լույս 12-ի գիշերը ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 106 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment