Ռոբերտ Քոչարյանը գործող իշխանության հետ գործարքի չի գնացել և չի գնա․ Միկոյան

Բաժանորդագրվել

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշում է՝ կալանքի տակ գտնվելու ամսվա, օրվա հաշվարկներ անելուց երկրորդ նախագահը չի ընկճվում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ գործարքի չի գնա ՀՀ իշխանությունների հետ։ Այս մասին «Մարտի 1-ի» գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Սա նախագահի 4-րդ կալանքն է։ Սա էլ վառ ապացույցն է, որ սրանց հետ որևէ գործարքի չի գնա։ Արդեն կալանավորված եղել է ամիսներ շարունակ, նույնիսկ 1 տարուց ավելի։ Ամսվա, օրվա հաշվարկներից նախագահը չի ընկճվում։ Լինելու է պայքար, չնայած, որ դժվար է՝ մեկ ընտանիքից 2 անձ արդեն կալանքի տակ է, «ստալինյան» ոճի մեջ է։ Հատուկ տրագիկ բան չկա, տրագիկ բաներ պետության հետ են տեղի ունենում։ Նստացրե՞լ ես Քոչարյանին, դինջացի, արդեն ԱԱԾ պադվալում է, անցի գործերիդ, բազմաթիվ խնդիրներ կան երկրում»,- ասաց Միկոյանը։

Նա պնդեց՝ եթե որևէ փոխզիջում եղած լիներ, ապա արդեն 4-րդ կալանքը չէր լինի նրա նկատմամբ կիրառված։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Leave a comment