Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևանի Սարյան 33/4 հասցեում գործող պտուղ-բանջարեղենի խանութում՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից հետո, որտեղ քաղաքացին պնդում է, թե աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա։ Տեղում վերցված նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։