ՍԱՏՄ–ն գնացել է «դիխլոֆոսի» հետքերով․ նմուշառում է արվել

Բաժանորդագրվել

Սոցցանցերի օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել՝ ահազանգելով, թե տեսել է՝ ինչպես է վաճառողը մրգերի վրա միջատասպան նյութ փչում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անհապաղ ստուգումներ է ձեռնարկել պտուղ-բանջարեղենի խանութում մրգերի ուղղությամբ միջատասպան «դիխլոֆոս» նյութ փչելու դեպքից հետո։

«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է` ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է անհապաղ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

ՍԱՏՄ-ն խոստանում է տեղեկացնել լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին։

Հիշեցնենք՝ սոցցանցի օգտատերերից մեկն ահազանգել էր, թե Երևանի կենտրոնում վտանգավոր` «դիխլոֆոս» (դեղ միջատների համար) փչած մրգեր են վաճառում։

ՍԱՏՄ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ահազանգին ընթացք են տվել, ստուգումներ կիրականացվեն։

Leave a comment