Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարաձգվել է (PAN.am)

Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարաձգել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանված տնային կալանքի ժամկետը։

Դատավոր Վահե Դոլմազյանը որոշումը կայացրել է՝ դատախազի ներկայացրած միջնորդությունը մասնակի բավարարելով, հայտնում է Auroranews.am-ը:

Դատախազը խնդրել է տնային կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով՝ հայտնելով, որ վկաների նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու վտանգը շարունակում է առկա համարել։

Դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը հակադարձել է՝ մատնանշելով, որ վարույթի շրջանակում վկաներն արդեն հարցաքննվել են, իսկ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեսանյութերը, փաստաթղթերը և այլ ապացույցները հայտնվել են վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ։

Պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ իրենք Կարապետյանի դեմ ցուցմունք տված անձանց հետ առերեսում անցկացնելու խնդրանք են ներկայացրել, սակայն նախաքննական մարմնից ստացել են պատասխան, ըստ որի՝ դրա անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Կարապետյանի դեմ ցուցմունք չկա։

Գործով վկա Պավել Մարտիրոսյանը սեպտեմբերի 17-ին դատարանում մոտ վեց ժամ հարցաքննվել է։

Կարապետյանն իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշումը օրինաչափ է համարել՝ Փաշինյանի «իրական Հայաստանում», հայտնում է Aysor.am-ը:

Նա պատասխանել լրագրողների հարցերին դատալան նիստից հետո:

Լրագրողի հարցին՝ արդյոք դատարանն իշխանության հրահանգն է կատարում, Սամվել Կարապետյանը դրական է պատասխանել:

«Իհարկե։ Գործ ունենք «իրական Հայաստանի» դատաիրավական համակարգի հետ, դրա համար էլ պետք է պատրաստ լինել ցանկացած որոշման: Գնում ենք հաղթանակի։ Ազատագրելու ենք մեր երկիրը, Փաշինյանը պետք է հեռանա»,-ասել է նա:

Սեպտեմբերի 17-ին Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի հաջորդ վարչապետն ինքն է լինելու: Նա այդ մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում:

«Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու»,-ասել է նա:

Leave a comment