Թրամփը կարող է Ռուսաստանին առաջարկել գործարար համաձայնագրեր նույնիսկ մինչև պատերազմի ավարտը․ NYT

Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի հետ տնտեսական համաձայնագրեր կնքելու հնարավորությունը նույնիսկ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը: Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ նման համաձայնագրերը կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու համաձայնության համար:

Այս մասին հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով բանակցություններին մոտ կանգնած երկու անձանց:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ վաղ գործարար համաձայնագրերը կարող են Մոսկվային ցույց տալ Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մտադրությունների լրջությունը:

Այս մոտեցումը տարբերվում է Թրամփի նախկինում հայտարարված դիրքորոշումից: Անցյալ տարի Ամերիկայի նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ խոշոր տնտեսական համաձայնագրեր չի կնքի մինչև պատերազմի ավարտը:

Այժմ, սակայն, ամերիկյան վարչակազմը, կարծես, փորձում է համատեղել Կրեմլի վրա ճնշումը հնարավոր տնտեսական օգուտների հետ:

Leave a comment