Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) Կարսից ընտրված պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Կարսի Աքյաքա շրջանի Շահնալար գյուղ։ Հին կամրջի վայրում նա հայտարարել է, որ իր նախնիները պայթեցրել են այն 1920 թվականին՝ Կարսի գրավման ժամանակ, և կոչ է արել վերաբացել Հայաստանի հետ սահմանը, գրում է Factor.am-ն Agos-ի վրա հղումով։
«106 տարի անց, որպես Կարսից խորհրդարանի անդամ, ես պահանջում եմ բացել Հայաստանի հետ սահմանն այս կամրջով։ 106 տարի առաջ մենք այստեղ նահատակներ կորցրեցինք։ Այսօր, այդ ցավերի փոխարեն, մենք առաջնահերթություն ենք տալիս մեր ժողովրդի խաղաղությանը և բարեկեցությանը»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին՝ թուրք խորհրդարանականն ասել է. «Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ կապված խնդիրները վերածվեն երկարատև խաղաղության, վերաբացվի Հայաստանի հետ սահմանը և սկսվի առևտուրն այս երթուղով»։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։
2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։