ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.09.2026 | 10:30

ԱՄՆ զինված ուժերի F-16 կործանիչը հինգշաբթի վթարի է ենթարկվել Միչիգան նահանգի հյուսիսային հատվածում՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ Օդաչուն կատապուլտացվել է, հայտնել են պաշտոնյաները։

Թեխասի ռազմական գերատեսչության տվյալներով՝ F-16-ը պատկանել է Թեխասի օդային ազգային գվարդիայի 149-րդ կործանիչային թևին և իրականացնում էր սովորական ուսումնական առաքելություն Միչիգանի Ալպենա քաղաքում գտնվող Ազգային գվարդիայի ռազմակայանից։ Ինքնաթիռը կործանվել է Գրանդ Թրավերս շրջանում։

LiveATC.net-ի արձանագրած ռադիոկապի ձայնագրության համաձայն՝ մեկ այլ ռազմական օդաչու օդային երթևեկության կառավարման ծառայությանը նախազգուշացրել է. «Հնարավոր է՝ թևակցից արտակարգ ազդանշան կա։ Կարծում եմ՝ նա, հնարավոր է, բախվել է թռչունի»։

«Նրանք, հնարավոր է, կորցրել են շարժիչը և կատապուլտացվել, սակայն մենք տեսնում ենք շատ սև ծուխ, որը, կարծում ենք, վթարի ենթարկված F-16-ից է»,- մյուս օդաչուներին փոխանցել է օդային երթևեկության կառավարման ծառայության աշխատակիցը։

Նահանգային ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով որևէ այլ անձ չի տուժել, օդաչուի վիճակը կայուն է։ Նա գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում։

Ինքնաթիռի կործանման հետ կապված «վտանգավոր քիմիական նյութի արտահոսքի» պատճառով վթարի վայրից մեկ մղոն շառավղով գտնվող բնակելի տներն ու ձեռնարկությունները տարհանվել են, հայտնել է Միչիգանի նահանգային ոստիկանությունը՝ սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։ Բնակիչների մեծ մասին հինգշաբթի երեկոյան՝ տեղական ժամանակով 22:00-ի դրությամբ, թույլատրվել է վերադառնալ իրենց տները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment