Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը

Քաղաքականություն

18.09.2026 | 10:12

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի լույս 18-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի վրա։ Մարզում ոչնչացվել է ավելի քան 50 անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը, գրում է Meduza-ն։

Նրա տվյալներով՝ տուժածներ չկան։ Ազով քաղաքում վնասվել են հինգ մասնավոր տներ և ավտոմեքենաներ։ Նեկլինովսկի շրջանում վնասվել են ութ բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ապակիները։

Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ հարձակման է ենթարկվել Դոնի Ռոստովի ավիաբազան։ Այս տեղեկությունը հաստատված չէ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյից Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը, նրա խոսքով, ոչնչացվել է «հեռավոր սահմանագծերում»։ Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 64 անօդաչու սարք։ Հարձակման հետևանքների մասին քաղաքապետը տեղեկություն չի հայտնել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընդհանուր 629 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին։

Հավելենք, որ սեպտեմբերի 17-ին Դոնի Ռոստովը ենթարկվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Քաղաքի մի մասը մնացել էր առանց էլեկտրականության։ Տելեգրամ ալիքները հայտնել էին «Դոնի Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանի տարածքում բռնկված հրդեհի մասին՝ այն հատվածում, որտեղ տեղակայված են ուղղաթիռներ և ինքնաթիռներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել էր, որ վնասվել են մեկ Ան-12, երկու Ան-26 ինքնաթիռներ, ինչպես նաև երեք ուղղաթիռ։ Ռուսաստանի իշխանությունները այս տեղեկությունը չեն հաստատել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment