Դուք վիրավորված չեք, զինաթափված եք, դա է, որ իրեն չեք ներում. Եղոյանը՝ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու ընդդիմության առաջարկած նախագծի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Տեսել ենք՝ նախկինում ինչ էր կատարվում անկախ մարմինների հետ, որոնք համարձակվում էին մի քիչ գծից շեղվել: Առաջին ՄԻՊ-ը, որը մինչև վերջ պաշտոնավարեց, եղել է մեր օրոք, մինչև դա երեքին հանել էին. Արմեն Հարությունյան, ով մարտի 1-ի վերաբերյալ ուղղակի ասել էր, որ սա-սա-սա է տեղի ունեցել, մարդու իրավունքների խախտում է, ամբողջ գործադիրով, նախագահով, ձեր ֆրակցիայի առաջնորդով հարձակվեցին այդ մարդու վրա, վերջում պլոմբեցին, երկրից դեպորտ արեցին: Լարիսա Ալավերդյանին էլի նույն պատճառով, Կարեն Անդրեասյանին»,- ԱԺ նիստում դիմելով ընդդիմությանը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել՝ Եղոյանն ասաց. «Դուք օգտագործում եք ժողովրդավարության կանոնները ժողովրդավարության դեմ, դուք ուզում եք փակել իր բերանը՝ օգտագործելով օրենքի տառը: Դուք վիրավորված չեք, դուք զինաթափված եք, դա է, որ դուք իրեն չեք ներում, եթե նա չլիներ ՀՌՀ անդամ և եթե դուք լինեիք իշխանություն, իր բերանն ուրիշ ձև կփորձեիք փակել: Դուզ զգում եք, որ ձեր մոլոպոլիան քաղաքական, մտային դաշտում վտանգված է: Մեր գործն այն է, որ մենք պաշտպանենք ժողովրդավարությունը, այնպես անենք, որ երբեք այլևս հետ չգան այն ժամանակները, երբ անկախ և ինքնավար մարմինների անդամների կկանչեն նախագահի կամ վարչապետի գրասենյակ և կնախատեն այս կամ այն բառն ասելու համար: Բանտում հայտնվում էին ձեր օրոք և մինչև բանտ էլ չէին հասնում»: