Երևանում երթևեկի սահմանափակումներ կլինեն՝ Անկախության տոնի միջոցառումներով պայմանավորված

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ


ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։


Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։


Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։


Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ տրանսպորտային միջոցների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։


Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։


Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝


Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,


Սախարովի հրապարակից,


Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,


Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,


Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։


«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։ 

Leave a comment