Վարդանյան. ԶՊՄԿ-ի ու բուքմեյքերական ընկերությունների հասույթը նույնական են (PAN.am)

ԶՊՄԿ-ի ու բուքմեյքերական ընկերությունների հասույթները նույնական են, շատ մոտ են իրար, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարդիկ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ խաղադրույքներ են կատարել բուքմեյքերական ընկերություններում ու տնտեսական աճ ապահովել:

«ՔՊ-ի՝ տնտեսական աճի նո՞ր մոդելի հետ գործ ունենք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ՔՊ ղեկավարին հիշեցրել է, որ իշխող ուժը բոլորովին նոր տնտեսական մոդել էր խոստացել։

«Հայաստանում խաղադրույքների թիվը ոչ միայն չի պակասել։ Դուք հպարտանում եք, որ ԶՊՄԿ-ում փայ եք մտել, ասում եք՝ պետականացրել ենք, պետությունն ավելի շատ գումարներ է ստանում։ ԶՊՄԿ-ի ու բուքմեյքերական ընկերությունների հասույթը համեմատե՞լ եք իրար հետ, դրանք նույնական են, շատ մոտ են իրար:

Այստեղ ինչի՞ փայ չեք մտել, ի՞նչն է խանգարում, ավելի ճիշտ կլինի հարցնել, ո՞վ է խանգարում։ Բուքմեյքերական ընկերությունները՝ ավելի ուղիղ խաղամոլությունը, խաղահամաճարակը, որը բազմաթիվ ընտանիքների քանդման հիմք է դառնում, բազմաթիվ ինքնասպանությունների, ողբերգությունների պատճառ է դառնում, Հայաստանում ունի պետական հովանավորություն։ Մի օր էլ գալու եք այս նույն հայտարարությունները թմրամոլության վերաբերյալ անե՞ք»,-ասել է Վարդանյանը։

Հայաստանում բուքմեյքերական գործունեությունը կարգավորվում է պետության կողմից և իրականացվում է լիցենզավորված ընկերությունների միջոցով: Գործունեությունը վերահսկվում է ՀՀ «Վիճակախաղերի մասին» և հարակից օրենքներով: Բուքմեյքերական ընկերությունները երկրի խոշոր հարկատուների և գովազդատուների շարքում են:

Leave a comment