Ալիևը կրկին շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» թեզը և շնորհակալություն հայտնում թյուրքական երկրներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 5-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված իր ուղերձում կրկին շրջանառության մեջ է դրել «Զանգեզուրի միջանցքի» թեզը՝ այն որակելով որպես «պատմական երթուղի»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ղեկավարը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակը «հիմք է դրել տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողության»։ Նրա պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ իրադարձությունները հող են նախապատրաստել «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար, որն Ադրբեջանը ներկայացնում է որպես թյուրքական երկրները միմյանց կապող տնտեսական, լոգիստիկ և ռազմավարական ուղի։

Իր ուղերձում Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել ԹՊԿ անդամ պետություններին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վերականգնողական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, թե դա արժանանում է ադրբեջանցի ժողովրդի «երախտագիտությանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment