Տան բակում անօգնական գիշատիչ թռչուն են գտել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում քաղաքացու կողմից տան բակում անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայրում ԲԸՏՄ տեսուչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հյուծված թռչունը Սապսան՝ թափառաբազե է (լատիներեն՝ Falco peregrinus, բազեների կարգի գիշատիչ թռչնի տեսակ), որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Կենդանիների միջազգային կարմիր ցուցակում՝ որպես հազվագյուտ և խոցելի տեսակ։
Նույն օրը՝ ժամը 16։15-ի սահմաններում, սապսանը տեղափոխել է «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։ Թռչունը եղել է օղակավորված, որի տվյալները կնույնականացվեն։
Ներկայումս սապսանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, գիշատիչ թռչունը գտնվում է մասնագետների ուշադրության ներքո։