Այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին. Հակոբ Հակոբյան


Առաջին իշխանության անդամ լինելով՝ մինչև այսօր իմ պատկերացումները մեր իրավիճակների մասին չեն փոխվել կամ եթե փոխվել են, ապա ադապտացվել են այսօրվա քաղաքական այն իրավիճակին, որի մեջ ՀՀ-ն հայտնվել է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը՝ ՀՌՀ անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:


«Ինչ վերաբեում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, ես երեկ ասացի՝ հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է Դաշնակցությանը: Ես չեմ կարծում, թե Դաշնակցությունը եկավ և մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր: Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, քաղաքական ինչ իրավիճակների, դուք ինքներդ որոշեք:


Ինչ վերաբերում է ադապտացիա բառին, ես քաղաքական տերմին եմ օգտագործում, որը վերաբերում է նաև կուսակցություններին: Աշխարհում շատ կան հարյուրամյա կուսակցություններ, բայց ինչպես ժողովուրդները, ինչպես պատմական իրավիճակները, այնպես էլ կուսակցական գաղափարախոսությունները պետք է ադապտացվեն իրենց քաղաքական խնդիրներին»,- ասաց Հակոբյանը:


Նա նշեց՝ կուզենար Դաշնակցությունը, մնալով Դաշնակցություն, այսօր երդում տար ՀՀ Սահմանադրության վրա, ապա ընդգծեց՝ այսօրվա հայրենասիրությունն ադապտացիա է պահանջում այսօրվա քաղաքական իրավիճակներին:


«Հայրենասիրությունը կիրք և տռփանք չէ, հայրենասիրությունը սեր է, ինտելեկտուալ հասկացողություն է: Իմ ելակետը սա է»,- ասաց Հակոբյանը:


Ինչ վերաբերում է Դաշնակցության պատմությանը, ասաց՝ կուսակցությունում եղել են շատ լուսավոր մարդիկ, սակայն իր խոսքը վերաբերում է Դաշնակցության այսօրվա գործունեությանը:


«Ուրիշ ոչ մի բան»,- խոսքը եզրափակեց Հակոբյանը:


Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

Leave a comment