Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հետաքրքրվելով նրա քաղաքական անցյալից, կուսակցական հավատարմությունից և խորհրդարանի դահլիճում ունեցած անձնական կապերից։
Աբրահամյանը մասնավորապես հարցրեց, թե արդյոք եղե՞լ է դեպք, երբ Հովակիմյանը հավատարիմ չի գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ չի կատարել խմբակցության որոշումները, ինչպես նաև խնդրեց հստակեցնել՝ արդյոք նա ԱԺ դահլիճում ընկերներ ունի՞։
Ի պատասխան՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ իր համար առաջնայինը սեփական համոզմունքներն ու արժեհամակարգն են, որոնց ինքը մշտապես հավատարիմ է մնացել թե՛ լրագրողական, թե՛ պատգամավորական գործունեության ընթացքում։
«Ես կրկնում եմ՝ գործել և գործում եմ հավատարիմ իմ համոզմունքներին։ Իմ հավատարմությունն իմ արժեհամակարգին է, որը ես կրում եմ, և իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես օրինականության շրջանակում»,- ընդգծեց Հովակիմյանը։
Անդրադառնալով ընկերական կապերին՝ ԿԸՀ ղեկավարը շեշտեց, որ մտերիմներ ունի ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր ճամբարում։
«Ինչ վերաբերում է դահլիճում ընկերներ ունենալուն՝ այո՛, բազմաթիվ ընկերներ ունեմ։ Ընդդիմության շարքերում էլ ունեմ ընկերներ։ Օրինակ՝ պարոն Կարապետյանի հետ առաջին հանդիպման ժամանակ մեզ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը։ ԿԸՀ շենքի դիմաց ճաշի ժամանակ էր՝ այնպես ստացվեց, որ նույն վայրում էինք, և այդպես ծանոթացանք։ Ես դահլիճում էլ ունեմ ընկերներ, դահլիճից դուրս էլ, շատ ընկերներ ունեմ»,- ընդգծեց Հովակիմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան