Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է

Քաղաքականություն

17.09.2026 | 16:50

Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանի  տարածքում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվարի 2-ի ժամը 06:00-ն։  Համապատասխան որոշումն ընդունել է Նախարարների կաբինետը։

Նշենք, որ ավելի վաղ հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները կշարունակեն փակ մնալ։

Ադրբեջանն առաջին անգամ հատուկ կարանտինային ռեժիմ էր հայտարարել և հարևան երկրների հետ սահմանները փակել 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաշխարհային տարածման ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր կարանտինային ռեժիմը երկարաձգվում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2023 թվականի մայիսին հայտարարել էր, որ COVID-19-ն այլևս համավարակ չէ։ Պետական ​​պաշտոնյաներն ու պատգամավորները, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոստովանում են, որ ցամաքային սահմանների փակումը կապված չէ COVID-19-ի հետ։ Ալիևը տարբեր ելույթներում նշել է, որ ցամաքային սահմանների փակումը կարևոր է անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշելով, որ այս որոշումը «պաշտպանում է Ադրբեջանին խոշոր աղետներից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment