88 GROUP-ը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ գործարար Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հնչեցված պնդումների առնչությամբ՝ հերքելով դրանց իսկությունը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիֆինգի ընթացքում լրագրող Վահե Մակարյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հնչեցրել է պնդումներ, թե վերջինս, իբր, շահարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը՝ իր բիզնես գործունեությունն ընդլայնելու և գույքեր ձեռք բերելու նպատակով։
Պաշտոնապես հայտարարում ենք՝ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Նալբանդյանը որևէ պաշտոնյայի, առավել ևս՝ ՀՀ վարչապետի, անունը չի օգտագործել և չի օգտագործում իր բիզնես գործունեության ընթացքում որևէ արտոնություն, առավելություն կամ գույք ձեռք բերելու նպատակով։
Ուստի լրագրող Վահե Մակարյանից պահանջում ենք հրապարակայնորեն հերքել Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ տարածված վերոնշյալ տեղեկությունները և ներկայացնել այն փաստական հիմքերը, որոնց վրա հիմնվել են իր հայտարարությունները։
Միաժամանակ արձանագրում ենք, որ նույն անձի կողմից «Հրազդան» ցեմենտի գործարքի վերաբերյալ ևս հրապարակվել կամ հնչեցվել են տեղեկություններ, որոնք, մեր պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Նարեկ Նալբանդյանի և նրա հետ փոխկապակցված ընկերության անունն անհիմն շրջանառելը և նրա գործարար համբավին վնաս հասցնող չստուգված տեղեկություններ տարածելը անարձագանք չի մնալու:
«Եթե հրապարակային հերքում չտարածվի, ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով օրենքով սահմանված կարգով հերքել իրականությանը չհամապատասխանող և գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև կիրառել օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության այլ միջոցներ։
Եթե Վահե Մակարյանն ունի իր հրապարակային պնդումները հաստատող փաստեր, ակնկալում ենք, որ դրանք կհրապարակվեն։ Հակառակ դեպքում պահանջում ենք նույն հրապարակայնությամբ հերքել տարածված տեղեկությունները»,- նշված է 88 GROUP-ի հայտարարության մեջ։
Փաշինյանը սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր․ «Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և ընդհանրապես մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է»:
Նա ասել էր, որ հանձնարարել է համապատասխան իրավապահ մարմիններին վարույթներ նախաձեռնել։ Նրա խոսքով՝ եթե հիմնավորվի, որ Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, նա «կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»։