ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Սաուդյան Արաբիային F-35 կործանիչների վաճառքը Չինաստանին թույլ կտա ուսումնասիրել դրանց գաղտնի տեխնոլոգիաները։ Այս մասին հայտնել է «The New York Times»-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրները։
Ըստ այդ աղբյուրների՝ առկա է «F-35»-ի տեխնոլոգիաների՝ Չինաստանին փոխանցվելու վտանգ։ Նման արտահոսք կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում չինական հետախուզական գործունեության կամ Էր Ռիադի և Պեկինի միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։
Պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ հետախուզությունը կասկածի տակ է դնում Սաուդյան Արաբիայի՝ «F-35»-ի առաջադեմ տեխնոլոգիաները պաշտպանելու կարողությունը՝ հաշվի առնելով հեռահաղորդակցության ոլորտում չինական սարքավորումների (օրինակ՝ Huawei և ZTE) կիրառումը և ռազմական օբյեկտներ չինացի մասնագետների մուտքի հնարավորությունը։
Ինչպես նշել է NYT-ն, նմանատիպ մտահոգությունները նախկինում խոչընդոտել էին Արաբական Միացյալ Էմիրություններին «F-35»-երի վաճառքին։ Բացի լրտեսության ռիսկերից, գործարքին դեմ են արտահայտվում նաև նրանք, ովքեր մտահոգված են տարածաշրջանում Իսրայելի «որակական ռազմական առավելության» խաթարմամբ։
«F-35»-ը հինգերորդ սերնդի կործանիչ է։ Դրա պաշտոնական կայքում նշվում է, որ այն հագեցած է «ստելս» (աննկատելիության) տեխնոլոգիայով, ինչը դժվարացնում է ռադարների կողմից դրա հայտնաբերումը, ինչպես նաև՝ առաջադեմ սենսորներով և տվյալների մշակման համակարգերով։ Կործանիչի բոլոր երեք տարբերակներն (F-35A, F-35B և F-35C) արդեն իսկ կիրառվել են մարտական գործողություններում։
«Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը չինական աջակցությամբ ակտիվորեն զարգացնում է հրթիռային ծրագիր և ձգտում է ստեղծել միջուկային ներուժ»,- պարզաբանել է NYT-ն։