Շոյգուն ՀՀ-ին մեղադրել է ռուսական ներդրումներով ձեռնակությունների «ռեյդերային զավթման» մեջ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «ռեյդերային զավթում» է անվանել Հայաստանում ռուսական ներդրումներով ձեռնարկությունների և ոլորտների նկատմամբ մոտեցումը:

Ըստ նրա՝ Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում է «ոչ բարեկամական վերաբերմունք և բացահայտ երկակի ստանդարտներ», հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»»,- ասել է նա ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների խորհրդակցության ընթացքում։

Շոյգուն անդրադարձել է նաև հայկական երկաթուղիների ռուսական կառավարման շարունակության վերաբերյալ ներկայացվող փաստարկներին։

«Ընդ որում՝ առաջ են քաշվում բացահայտ անհեթեթ փաստարկներ, օրինակ՝ այն, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կառավարումը շարունակվելու դեպքում Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները»,- շարունակել է Շոյգուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի լուծման շուրջ քննարկումները: 2026 թվականի մայիսին նա հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։

Leave a comment