Կանադայի վարչապետ Մարկ Քարնին դրականորեն է արձագանքել Եվրոպական միության «ասոցացված անդամակցության» առաջարկին: Նա կոչ է արել ավելի սերտ տրանսատլանտյան համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության, հանքանյութերի արդյունահանման և արհեստական բանականության ոլորտներում:
«Կանադան ողջունում է այս նախաձեռնությունը», – հայտարարել է վարչապետը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստի ժամանակ։
Ըստ վարչապետի՝ Կանադան և Եվրոպան պետք է ապահովեն իրենց սեփական ռազմավարական ինքնավարությունը խորը համագործակցության միջոցով:
Քաղաքական գործիչը հավելել է, որ ոչ ոք չի կարող Կանադային թելադրել, թե ում հետ պետք է գործընկերային հարաբերություններ ունենա:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել էր, որ Եվրոպան «անհապաղ վերանայի իր գործընկերությունները» և Կանադային շնորհի ԵՄ առաջին ասոցացված անդամի կարգավիճակը: Նա նաև կոչ էր արել ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ, որը կմիավորի ԵՄ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան և Նորվեգիան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս եվրոպական ծրագրերը թշնամական է համարել և սպառնացել է նոր առևտրային սակագներ սահմանել: