Փաշինյան․ Ռուսական ռազմաբազան ՀՀ անվտանգության համար չունի կենսական նշանակություն

Հայաստանի կառավարությունը չի առարկի, եթե Ռուսաստանը ցանկանա Գյումրիից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան՝ չունի կենսական նշանակություն ՀՀ անվտանգության համար , հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնում է Արմենպրեսը:

«Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել, հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ: Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ «մնացինք անտեր»: Ուզում են հանեն, թող հանեն: Ես ասում եմ՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն:

Մի դեպք չի եղել, որ մեր որևէ պաշտոնյա որևէ ռուս պաշտոնյայի առաջ նման հարց դնի կամ նման հարց բարձրացնի, եթե իրենք որոշեն հանել, մենք չենք առարկելու: 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում: Եթե ուզում են չհանեն, մենք պատրաստ ենք քննարկել նաև այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն իրականացնում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։

«Մեզ պետք չէ ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ, ուզում են հեռացնել, թող հեռացնեն: Եթե չեն ուզում հեռացնեն, թող չհեռացնեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել «նույնիսկ վաղը»։ Միաժամանակ նա նշել է, որ հայկական կողմի՝ ռուսական ռազմական ներկայությունը պահպանելու ցանկության դեպքում Մոսկվան պատրաստ է շարունակել համագործակցությունը։

Սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է այդ հայտարարությանը՝ ընդգծելով, որ Երևանը չի բարձրացրել 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարցը։

Leave a comment