Փաշինյան․ 2022-ի օգոստոսին ՀՀ-ին զենք վաճառող երկիր չկար (PAN.am)

2022 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանին զենք վաճառող պետությունների թիվը զրո էր, իսկ մատակարարման այլ շուկաները՝ փակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովում ունեցած ելույթում:

«100 միլիոնավոր դոլարներով փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր վճարած զենքը չէին տալիս։ Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ համապարփակ անվտանգության ձևավորման ճանապարհին էական նշանակություն ունի այն, թե ինչպես ենք մտածում և ընկալում տարբեր հարցերը, հայտնում է Radar.am-ը:

«Մեր անվտանգային շատ խնդիրներ, կարող է պարզվել, որ սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ։ Ու այդ խնդիրն այսօր առկա է ՀՀ-ում»,- ասել է նա։

Վարչապետի ներկայացմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտը հնարավոր է դարձել այն ժամանակ, երբ որոշակի պահի որոշում է կայացվել հրաժարվել մեխանիկական փոխադարձության սկզբունքից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք «X» պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին»,-ասել է նա:

2025-ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a comment