Ես իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները մտավորականի դիրքերից վերլուծելով՝ եզրակացություններ անել. Հակոբ Հակոբյան


Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:


Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արմեուհի Կյուրեղյանի հարցերին՝ Հակոբ Հակոբյանը հայտարարեց՝ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, բայց մտքի կուսակցության անդամ է:


«Հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև նրա քաղաքական իրավիճակների մասին խոսելը միայն կուսակցական դիրքորոշում չի պահանջում: Սա՝ մեկ, երկրորդ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը կարդացել եմ, պատասխանել եմ, ցավում եմ, որ իրենց կայքերում դրված չէ: Որքան գիտեմ, մեր կայքում դրված է: Ես իրենց բոլոր դիտողությունները, որոնցից շատերին համաձայն չեմ, գրել եմ, որ ընդունում եմ ի գիտություն և կոչ եմ անում բոլորիս, ինչպես նաև ինձ, հետագայում չմոռանալ կոռեկտության սահմանները պահպանելը:


Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես գրող եմ, մտավորական, ես մեր ժողովրդի պատմությունը գիտեմ և իրավունք ունեմ այսօրվա իրադարձությունները՝ լինեն քաղաքական թե կուսակցական, մտավորականի դիրքերից վերլուծելով` եզրակացություններ անել, իհարկե, պահպանելով կոռեկտության սահմանները»,- ասաց ՀՌՀ անդամը:


Արձագանքելով Կյուրեղյանի դիտարկմանը, թե որպես ՀՌՀ անդամ՝ նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել, ինչի իրավունքը չուներ ի պաշտոնե, Հակոբյանն արձագանքեց. «Ես իրավունք ունե՞մ քաշվեմ մի կողմ և չհետևել մեր ժողովրդի այսօրվա քաղաքական վիճակի անցուդարձին»:


«Ձեր մեղադրանքի մեջ հիմնականը, որ ինձ վերաբերում է, կոռեկտության սահմանները խախտելն է: Ես երեկ իմ ելույթի մեջ ասացի՝ լավ կլիներ, որ ընդհանրապես այդ «կոռեկտություն» հասկացության մի սահմանումը տրվեր: Կոռեկտ լինել չի նշանակում Գլավլիտի տակ լինել և չի նշանակում կոնյուկտուրայի նպատակներով կամ վախերով՝ պաշտոնը կորցնելու կամ Ազգային ժողովի որոշ՝ քո հայացքները չկիսող կամ խմբակցությունների կողմից քննադատվելուց վախենալով ծպտուն չհանել»,- հակադարձեց Հակոբյանը Կյուրեղյանին:


Նրա խոսքով՝ ինչ ինքն ասել է, քաղաքական որևէ ենթատեքստ չունի՝ ունի պատմական ենթատեքստ: 


«Ես ծնված օրվանից մինչև հիմա այդ ենթատեքստի մեջ եմ»,- հավելեց նա:


Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

Leave a comment