Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»

Քաղաքականություն

17.09.2026 | 12:30

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հինգերորդ նիստի մասնակիցներին։ Դրանում նա կրկին օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։

«Վեց տարի առաջ Ղարաբաղում Ադրբեջանի տարած հաղթանակը, որը մեր ընդհանուր հպարտության և պատվի աղբյուրն է, հիմք դրեց տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրականության: Այս հաղթանակը նաև հիմք դրեց մեր երկրները տնտեսապես, լոգիստիկ և ռազմավարական առումով կապող պատմական դարպասի՝ Զանգեզուրի միջանցքի իրականացմանը: Օգտվելով առիթից՝ ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել ձեր ներկայացրած երկրներին մեր ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման գործում ցուցաբերած աջակցության համար: Այս նախաձեռնությունները ադրբեջանական ժողովրդի կողմից ընդունվում են խորը համակրանքով և երախտագիտությամբ»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, թե կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության շրջանակում «Բաքուն ջանքեր է գործադրում Միջին միջանցքի, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի և այլ տրանսպորտային կապերի զարգացման համար, որը Եվրոպան և Ասիան կապող ու թյուրքական պետությունների բարգավաճմանը նպաստող կարևոր տրանսպորտային և լոգիստիկ նախագիծ է»։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment