Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է հայ հոգևոր առաջնորդներին և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ, նախաձեռնել է բարձր մակարդակի հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդներն ու դեսպան Մկրտչյանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ինչպես հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, հանդիպմանը ներկա են եղել նաև Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը և գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս․ Քորնը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Տ․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Տ․ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանն ու Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Տ․ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ, վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։

Հանդիպման ավարտին հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք՝ Աստծո օրհնությունը հայցելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության, ապագայի և բարեկամության համար։ Աղոթքում հատուկ անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանում խաղաղության հաստատման ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment