Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ ցուցանիշներին՝ ընդունելով, որ այս տարի ոլորտում աճի փոխարեն արձանագրվել է անկում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարչապետից հետաքրքրվեց, թե տարեսկզբից ի վեր ինչքան է աճել Հայաստանի գյուղատնտեսությունը։

«Մենք վիճակագրության տվյալներով, եթե չեմ սխալվում, գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի, ընդհակառակը՝ ունենք նվազում: Եվ կարող եմ ասել, որ դա անսպասելի չէ մի քանի պատճառներով»,- պատասխանեց Փաշինյանը:

Վարչապետի պարզաբանմամբ՝ կառավարության ծրագրով գյուղատնտեսության ապագան դիտարկվում է բացառապես ինտենսիվ զարգացման համատեքստում։

«Գյուղատնտեսվարման այն ձևերը, որոնք այսօր լայնորեն կիրառվում են, դրանք այլևս գյուղատնտեսություն չեն, և դրանք երբեք չեն աճելու: Դրանց աճի ուղղությամբ ջանքեր գործադրելը կնշանակի երկիրը դատապարտել չզարգացող ուղու: Մենք պետք է զարգացնենք ինտենսիվ գյուղատնտեսությունը և դիվերսիֆիկացնենք շուկաները, քանի որ որևէ կետից անհամաչափ կախվածությունը զրկում է ոլորտը կառավարելու հնարավորությունից»,- ասաց վարչապետը:

Արձագանքելով՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի գյուղերում ապրում է գրեթե մեկ միլիոն մարդ՝ երկրի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին, և հետաքրքրվեց անկման կոնկրետ տոկոսով։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարին դեռ չի ավարտվել, և վիճակագրությունն ունի իր մեթոդաբանությունը։

Նա շեշտեց, որ 2018 թվականից ի վեր պետությունը հարյուր միլիոնավոր դոլարների աջակցություն է ցուցաբերել գյուղացիական տնտեսություններին և վստահություն հայտնեց, որ կառավարության որդեգրած ռազմավարությունն ի վերջո լուծելու է գյուղի ու գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment