«Մենք մեծ իլյուզիաներ չունենք». Սերգեյ Լավրովն անդրադարձել է ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին

Ռուսաստանը սպասում է ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցային առաջարկների, սակայն մեծ իլյուզիաներ չունի գործընթացից։ Այս մասին Միջազգային երիտասարդական ֆորումի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Վաշինգտոնի և Կիևի հետ հնարավոր շփումներին։

Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան երբեք չի հրաժարվել երկխոսությունից և պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով քննարկումների։

«Սպասելու ենք առաջարկների, բայց, ազնվորեն ասած, մեծ իլյուզիաներ չունենք։ Մենք պատրաստ ենք և՛ երկկողմ, և՛ եռակողմ բանակցությունների։ Երբեք դրանցից չենք հրաժարվել»,- նշել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ նախկինում կազմակերպված բոլոր բանակցային փորձերը ընդհատվել են ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ ամերիկյան կողմը հակված է եռակողմ ձևաչափին։ Ինչ վերաբերում է հնարավոր հանդիպման անցկացման վայրին, նա ընդգծել է, որ ընդունելի է ցանկացած հարթակ, որը կգոհացնի բոլոր մասնակիցներին։

Բանակցային նոր ալիքի շուրջ քննարկումները ակտիվացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ստիվեն Ուիտկոֆի և Ջարեդ Կուշների՝ սեպտեմբերի 5-ին և 6-ին Մոսկվա ու Կիև կատարած այցերից հետո։ Ամերիկյան կողմը դրական է գնահատել հակամարտության կարգավորման նոր առաջարկների շուրջ անցկացված հանդիպումները։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը սեպտեմբերի 9-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հնարավոր բանակցությունների համար առաջնահերթ հարթակ է դիտարկվում Աբու Դաբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment