Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Արցախի տարածքում գտնվող մզկիթների վիճակին՝ Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։ Նա հայտարարել է, թե հայկական կողմը մզկիթներում միտումնավոր անասուններ, այդ թվում՝ խոզեր ու կովեր է պահել՝ ադրբեջանցիներին վիրավորելու և նվաստացնելու նպատակով։ Ալիևն այդ գործողությունները որակել է որպես վիրավորանք ադրբեջանցի ժողովրդի և ամբողջ իսլամական աշխարհի հասցեին։
Իսկ որքանո՞վ են նման հայտարարությունները հիմնված պատմական փաստերի վրա, և որտե՞ղ է ավարտվում պատմական փաստն ու սկսվում քաղաքական քարոզչությունը։ Պատմաբան Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից պատմական ու մշակութային ժառանգության հարցը քաղաքական օրակարգում պահելը նոր երևույթ չէ։
«Չգիտեմ, ինչ ասեմ. Ադրբեջանն ունի հստակ քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը ենթադրում է հայկական հետքի իսպառ վերացում ամբողջ Արցախում և նրան հարակից Ադրբեջանի տարածքում, ինչը վաղուց է արել, և հայերին միշտ դարձնել մեղավոր ցանկացած մշակութային նախաձեռնության ու իրողության մեջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը։
Ալիևը պնդում է, որ կենդանիները մզկիթներում պահվել են հենց ադրբեջանցիներին վիրավորելու նպատակով։ Սակայն նման պնդման դեպքում առանցքային հարց է մնում՝ կա՞ն արդյոք պատմական փաստաթղթեր կամ անկախ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են այդ գործողությունների նպատակային բնույթը։ Պատմաբանցի խոսքով՝ հայկական կողմի պատասխանները նման մեղադրանքներին բազմիցս ներկայացվել են միջազգային կառույցներում։
«Մեղադրանքներին շատ վաղուց հազարավոր պատասխաններ են տրվել, նամակներ են ուղարկվել միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի դատարանը որոշում է կայացրել, ամեն ինչ արվել է, բայց Ադրբեջանն առանց ամաչելու շարունակում է և որևէ ուշադրություն չի դարձնում»,- նշեց պատմաբանը։
Միևնույն ժամանակ, Արցախում հայկական մշակութային ժառանգության ներկայացման շուրջ Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել այլ մեկնաբանություններ։
Վերջերս Գանձասարի մատենադարանի ցուցասրահում դիվանագետների համար ներկայացված նյութերում Ադրբեջանի ղեկավարությունը Գանձասարը ներկայացրել է որպես աղվանական եկեղեցի։ Պաշտոնական ու ակադեմիական տարբեր աղբյուրներում, սակայն, Գանձասարի հայկական պատմամշակութային ժառանգության վերաբերյալ ներկայացվում են այլ տվյալներ։ Armenian Cultural Heritage Institute-ը Գանձասարը ներկայացնում է որպես հայկական վանական համալիր՝ հայկական արձանագրություններով և քրիստոնեական պատկերագրությամբ։ Նույն բանավեճի կենտրոնում է նաև Դադիվանքը։ Մասնագիտական աղբյուրներում այն ներկայացվում է որպես միջնադարյան հայկական վանական համալիր, մինչդեռ ադրբեջանական կողմն այն ներկայացնում է որպես կովկասյան աղվանական ժառանգություն։
Պատմական աղբյուրներում, ի դեպ, Դադիվանքի տարածքում տարբեր ժամանակներում անասունների պահման մասին հիշատակումներ կան։ Monument Watch-ը, օրինակ, մեջբերում է 19-րդ դարի պատմական նկարագրություն, որտեղ նշվում է, որ վանական համալիրի տարածքում որոշ մարդիկ պահել են անասուններ։ Այսինքն՝ առանձին պատմական դրվագի գոյությունը դեռ ինքնին չի ապացուցում, թե այն արվել է որևէ ժողովրդի կրոնական զգացմունքները վիրավորելու նպատակով։ Հենց այդ նպատակի ապացուցումն է, որ պահանջում է փաստաթղթային հիմնավորում։ Պետրոսյանի խոսքով՝ մշակութային ժառանգության շուրջ այս հակասությունը պատահական չէ։
«Այս հակասությունը, այս պատերազմը սկսվել է՝ հիմքում ունենալով այդ մշակութային անցյալը, այդ ժառանգությունը։ Ըստ էության, դա երկու կողմերի բարոյական, ազգային հակադրության արտահայտությունն է, և դա եղել է ու շարունակվելու է»։
Եվ հենց այդ պատճառով, ըստ պատմաբանի, պատմական հիշողությունը շարունակում է մնալ քաղաքական պայքարի կարևոր գործիք։ «Դե, եթե հայերը հրաժարվեն իրենց պատմությունից ու ժառանգությունից, ասեն՝ ինչ տեղի է ունեցել, մեղավորը մենք ենք, գուցե ասեն՝ դե վերջում էլ ձեզ զոհաբերեք, պրծնենք»,- նշեց նա։
Ալիտա Եղիազարյան