«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 15-ի նիստում քննարկվել է կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծին վերաբերող հարցը, սակայն որևէ որոշում չի կայացվել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ՝ վարչության նիստի ժամանակ Վերահսկող հանձնաժողովը 6-7 կուսակցականի վերաբերյալ զեկույցներ է ներկայացրել՝ հիմք ընդունելով արդեն իրականացված ուսումնասիրությունները, հայտնում է Արմենպրեսը:
«6-7 կուսակցականի վերաբերյալ Վերահսկող հանձնաժողովի կողմից զեկույցներ ենք ունեցել՝ արդեն իսկ արված ուսումնասիրությունների հիման վրա։ Պարոն Հայկ Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, ոչ որոշում, բայց քննարկում եղել է»,- ասել է Հակոբյանը։
Պատգամավորը հայտնել է, որ Հայկ Սարգսյանին վերաբերող քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև վարչապետ և ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարություններին։
«Պարոն Սարգսյանի հետ կապված՝ վարչապետը հստակ ձևակերպել է, բայց ամենաանհանգստացնողներից է, օրինակ, կուսակցության բարի համբավի արատավորումը, տարբեր կուսակցական գործընկերների հետ կապված զրպարտչական հայտարարությունները։ Վարչապետը տարբեր դրվագներ մատնանշեց, որոնց հետ կապված քննարկում ունեցել ենք»,- ասել է պատգամավորը։
Հակոբյանը նշել է, որ Հայկ Սարգսյանին առնչվող քննարկումները կարող են առաջիկայում շարունակություն ունենալ։
«Իհարկե, կարծում եմ, առաջիկայում կշարունակվեն այդ քննարկումները»,- նշել է նա։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք քննարկումների արդյունքում Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու որոշում կայացվի, Հակոբյանը հիշեցրել է, որ նախկինում նման կարգապահական խախտումների պատճառով ՔՊ անդամներ հեռացվել են կուսակցությունից։
«Մենք ունեցել ենք կուսակցական ընկերներ, որոնց նմանատիպ վարքագիծը, օրինակ՝ զրպարտչական արտահայտություններ, կուսակցության բարի համբավի արատավորում և այլն, հանգեցրել է կուսակցությունից հեռացման»,- ասել է Հակոբյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին «Tete A Tete» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՔՊ-ում իր հարաբերությունները մի խումբ կուսակիցների հետ սկսել են վատթարանալ այն բանից հետո, երբ կուսակցության ներսում քննադատական ելույթով բարձրաձայնել է, իր խոսքով, քրեական ենթամշակույթի տարածման, ավազի ապօրինի արդյունահանման և Տավուշում ապօրինի անտառահատումների խնդիրները։
Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը՝ վերջինիս քաղաքական դիրքավորումը որակելով իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը» և պնդելով, որ կուսակցության ներսում հարաբերությունների լարվածությունը կապված է եղել Սարգսյանի հետ առնչվող մի շարք դրվագների հետ։ Նա նաև ասել է, որ Սարգսյանի հրապարակային հայտարարությունների առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել։