Թուրքական ֆոնդային շուկան փլուզվել է ներդրողներին վճարելու հետ կապված խնդիրների պատճառով

Բաժանորդագրվել

Fintables ֆինանսական հարթակի տվյալներով՝ ներդրողները թուրքական ներդրումային հիմնադրամներից այսօր հանել են 55 մլրդ լիրա (մոտ 1,13 մլրդ դոլար):

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Կառավարող ընկերություններից մեկի՝ ներդրողների փայերի մարման հետ կապված խնդիրների ֆոնին թուրքական ֆոնդային շուկան կտրուկ նվազել է։ Bloomberg-ի փոխանցմամբ, իրավիճակը սրվել է երկրի ֆինանսական հատվածում իրացվելիության հետ կապված մտավախությունների հետևանքով:

Այսօր Borsa Istanbul 100 ինդեքսը նվազել է 5,7%-ով, իսկ 2 օրվա ընթացքում գրանցված անկումը հասել է 6,9%-ի: Սա կարող է լինել ինդեքսի ամենամեծ երկօրյա անկումը նախորդ տարվա մարտ ամսից ի վեր: Մոսկվայի ժամանակով 11:55-ին ինդեքսը նվազել է մոտ 3%-ով: Նրա մեջ մտնող գրեթե բոլոր արժեթղթերը վաճառվել են վնասով, Destek Finans Faktoring-ի բաժնետոմսերը կորցրել են արժեքի 10%-ը:

Վաճառքի ծավալներն աճել են այն բանից հետո, երբ Pusula Portföy կառավարման ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի մարման նպատակով ներդրողների հայտերը սպասարկելու համար անհնարինության մասին:

Իրավիճակը մտավախություն է առաջացրել, որ նմանատիպ խնդիրներ կարող են առաջանալ շուկայի այլ մասնակիցների մոտ։ Bveri Consulting-ի տնտեսագետ Բանու Քիվջի Տոկալին վաճառքի աճը կապել է ոլորտի նկատմամբ վստահության անկման և ֆոնդերի ակտիվների հուսալիության և իրացվելիության մասով ներդրողների կասկածների հետ:

Fintables ֆինանսական հարթակի տվյալներով՝ ներդրողները թուրքական ներդրումային հիմնադրամներից այսօր հանել են 55 մլրդ լիրա (մոտ 1,13 մլրդ դոլար): Tera Portföy Yönetimi հիմնադրամներին բաժին է ընկել մոտ 32 միլիարդ լիրա զուտ արտահոսք, ևս մոտ 10 միլիարդ լիրա հանվել է Pusula Portföy Yönetimi հիմնադրամներից:

Tera Yatırım Menkul Değerler-ը, որը նախկինում պայմանավորվել էր պորտֆելի կառավարման և արժեթղթերի գործառնությունների ոլորտում Pusula-ի բիզնեսի գնման մասին, հայտարարել է, որ գործարքը դեռ ավարտված չէ: Ընկերությունում ընդգծել են, որ պատասխանատվություն չեն կրում Pusula-ի փայերի մարման գործընթացի համար։

Leave a comment