Կնոջ պայուսակը բացահայտ հափշտակել են Երևանի գետնանցումներից մեկի մոտ
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 29-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած կինը հայտնել էր, որ մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ահազանգով մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել էր, որ պայուսակում կային փաստաթղթեր, բջջային հեռախոս և գումար։ Պատճառվել էր մոտ կես միլիոն դրամի վնաս։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ կողոպուտի հատկանիշներով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների ու քննչական բաժնի աշխատակիցների վարույթային համատեղ գործողություների արդյունքում հիմնավորվել է, որ կողոպուտը կատարել են Արմավիրի մարզի բնակիչ երեք երիտասարդներ։
Սեպտեմբերի 7-ին Սարդարապատ գյուղի բնակիչ 17 և 18 տարեկան տղաները հայտնաբերվել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ Արմավիր քաղաքի բնակիչ նրանց 21-ամյա հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։