Մոսկվայի դատարանը մերժել է իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության գործով արդեն ութ տարի հետաքննության տակ գտնվող Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների նկատմամբ սահմանված արգելքները վերացնելու պահանջը։ Այդ մասինհայտնել է քույրերից կրտսերի փաստաբան Յարոսլավ Պակուլինը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք արդեն պետք է դադարեցնենք քրեական գործը՝ արդարացնող հիմքով՝ հաշվի առնելով, որ աղջիկները գտնվել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում։ Հստակ հասկացրել են, որ գործը դատական հեռանկար չունի։ Հետևաբար, սահմանված բոլոր արգելքները նույնպես պետք է վերացվեն։ Բայց դատարանը մերժել է», — ասել է նա։
Նրա խոսքով՝ որոշումը բողոքարկվում է, և արդեն նոր դիմում է ներկայացվել։
«Մենք շարունակում ենք գնալ այս ճանապարհով։ Սա մեր գործի վերջնական հանգուցալուծումը չէ», — նշել է Պակուլինը։
Մարիա Խաչատուրյանի փաստաբանն ընդգծել է, որ պահպանվող հիմնական արգելքը քույրերի՝ միմյանց հետ շփվելու անհնարինությունն է։ Նրանք արդեն ութ տարի չեն կարողանում կապ հաստատել միմյանց հետ, ինչը, պաշտպանության գնահատմամբ, խախտում է նրանց սահմանադրական իրավունքները։ Շարունակում են գործել նաև լրատվամիջոցների հետ հաղորդակցվելու և համացանցից օգտվելու սահմանափակումները։
«Քանի որ Միխայիլ Խաչատուրյանի գործով բոլոր դատական քննություններն արդեն ավարտվել են, որևէ մեկի մոտ այլևս չպետք է կասկած մնա նրա անձի և այն հանցագործությունների վերաբերյալ, որոնք նա կատարել է իր դուստրերի նկատմամբ։ Այդ պատճառով մենք փորձում ենք հնարավորինս արագացնել և մոտեցնել աղջիկների գործով նախաքննության ավարտը», — հավելել է Պակուլինը։
Փաստաբանը նաև հայտնել է, որ դատական նիստը, որի ընթացքում պաշտպանությունը մերժում է ստացել, կայացել է դեռ հուլիսին, մինչդեռ որոշումը տրամադրվել է միայն այժմ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Խաչատուրյանի վերաբերյալ գործով որոշումը․ նա ճանաչվել է իր դուստրերի նկատմամբ բռնի բնույթի հանցագործություններ կատարած անձ։ Խաչատուրյանի վերաբերյալ գործը կարճվել է նրա մահվան պատճառով, իսկ աղջիկների նկատմամբ հետաքննությունը վերսկսվել է։ Վճռաբեկ դատարանն այդ որոշումը թողել է անփոփոխ։
Մեծ արձագանք ստացած սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում։ Քննության վարկածով՝ երեք քույրերը դանակահարել են իրենց հորը Ալտուֆևյան խճուղում գտնվող բնակարանում։ Ձերբակալվածները տեղափոխվել են քննչական մեկուսարան, այնուհետև նրանց խափանման միջոցը մեղմացվել է՝ փոխարինվելով որոշակի գործողությունների արգելքով։ Հետագայում քույրերն ազատվել են նաև էլեկտրոնային ապարանջաններ կրելու պարտավորությունից։