Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դադարեցնել նրա լիազորությունները։
Սամվել Թադևոսյանը նախկինում ևս դատավոր է աշխատել, սակայն 2023 թվականին, երբ նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդ կերպ խուսափելով կարգապահական պատասխանատվությունից։ Հետագայում, ունենալով կարգապահական խախտում չունեցող դատավորի կարգավիճակ, նա կրկին դիմել է ԲԴԽ և վերադարձել դատական համակարգ, հայտնում է Factor.am-ը:
Այժմ Սամվել Թադևոսյանը փաստացի կրկին հեռացել է դատական համակարգից։ Factor TV-ն «Վեթինգ՝ ըստ ճաշակի. ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով» հետաքննությամբ անդրադարձել է Սամվել Թադևոսյանի հետ առնչվող իրադարձություններին։
Մասնավորապես, 2023 թվականի հունիսին Արդարադատության նախարարությունը ՄԻԵԴ վճռի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել չորս դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն։ Այդ դատավորների թվում է եղել նաև Սամվել Թադևոսյանը։ ԲԴԽ-ում գործի քննությունից հինգ օր առաջ Թադևոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչի հետևանքով նրա լիազորությունները դադարեցվել են։
Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով Արդարադատության նախարարության միջնորդությունը, դադարեցրել է կարգապահական գործով անցնող մյուս երեք դատավորների՝ Տիգրան Պետրոսյանի, Աստղիկ Խառատյանի և Արտակ Բարսեղյանի լիազորությունները։ ԲԴԽ-ի որոշմամբ՝ երեք դատավորները տարիներ առաջ վարույթ չեն ընդունել մի գործ, որը ենթակա է եղել քաղաքացիական դատարանի քննությանը։ Խորհուրդը եզրահանգել է, որ դատավորներն այդ գործողությամբ հեղինակազրկել են դատական համակարգը, իսկ նրանց վերագրված կարգապահական խախտումն անհամատեղելի է եղել դատավորի կարգավիճակի հետ։ Հետևաբար, նրանց լիազորությունները ենթակա են եղել դադարեցման։
Սակայն հետագայում պարզ է դարձել, որ հրաժարականի միջոցով հնարավոր կարգապահական պատասխանատվությունից խուսափած Սամվել Թադևոսյանին վերագրված նույն խախտումը համատեղելի է համարվել դատավորի կարգավիճակի հետ։ Գործի քննությունից ամիսներ անց ԲԴԽ-ն նրան կրկին դատավոր է ընտրել։
Մինչդեռ, եթե Թադևոսյանի լիազորությունները դադարեցված լինեին կարգապահական խախտման հիմքով և ոչ թե նրա ներկայացրած հրաժարականի հետևանքով, նա այլևս չէր կարող կրկին դատավոր դառնալ։ Դատական օրենսգրքի համաձայն՝ նախկին դատավորը կարող է կրկին նշանակվել դատավորի պաշտոնում, եթե նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
Նշվում է, որ այսպիսով, Սամվել Թադևոսյանը հրաժարականի դիմում ներկայացնելու ճանապարհով խուսափել է հնարավոր կարգապահական պատասխանատվությունից, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը նրան հնարավորություն է ընձեռել շարունակելու դատավորի կարիերան՝ փաստացի նոր էջից։ Միևնույն ժամանակ, նույն գործի շրջանակում ԲԴԽ-ի առջև կանգնած մյուս երեք դատավորները զրկվել են դատավորի կարգավիճակից և դատական համակարգ վերադառնալու հնարավորությունից։