ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

16.09.2026 | 12:40

Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում երթուղային ավտոբուսի և Կիև-Նիկոլաև №122 մարդատար գնացքին են հարվածել, գրում է Current time-ը։

Դնեպրոպետրովսկի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ավտոբուսին անօդաչու թռչող սարքով հասցված հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել։

Գնացքի վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։ «Ուկրազալիզնիցիայի» տվյալներով՝ լոկոմոտիվային և գնացքային բրիգադներին, ինչպես նաև ուղևորներին նախապես տարհանել են։ Ուղևորների համար կկազմակերպվեն ավտոբուսային փոխադրումներ։

Կիևում ռուսական հարվածի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան անօդաչուի բեկորներն ընկել են Սվյատոշինսկի շրջանի պահեստի վրա:

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը երկրի վրա արձակել է 80 անօդաչու թռչող սարք, որոնցից 63-ը խոցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment