ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ քվեարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օգտին՝ ընդունելով պատերազմի լիազորությունների մասին բանաձևը։ Քվեարկությունը տեղի է ունեցել Կոնգրեսի բյուջետային գրասենյակի (CBO) զեկույցից մի քանի ժամ անց, որում նշվում էր, որ հակամարտությունն արդեն արժեցել է առնվազն 38 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ի պաշտպանական հրթիռների պաշարներն այնքան են սպառվել, որ դրանց վերականգնումը կարող է տևել մինչև հինգ տարի, գրում է The Guardian-ը։

Բանաձևն ընդունվել է ձայների 220 կողմ և 204 դեմ հարաբերակցությամբ, ինչը մոտ է նախորդ քվեարկությունների արդյունքներին։ Բանաձևերից ոչ մեկը չի հասել նախագահի սեղանին, որտեղ Թրամփը գրեթե անկասկած վետո կդներ դրանց վրա։ Հավանաբար, սա կլինի Ներկայացուցիչների պալատի վերջին քվեարկությունը Իրանի պատերազմի վերաբերյալ մինչև միջանկյալ ընտրությունները։ Սպասվում է, որ պատերազմը և ԱՄՆ-ում կյանքի թանկացման ճգնաժամը ընտրությունների ժամանակ բացասաբար կանդրադառնան հանրապետականների դիրքերի վրա, ասվում է հրապարակման մեջ։

Օրենսդիրները շաբաթվա վերջին վերադառնում են իրենց նահանգներ՝ նախընտրական քարոզարշավով զբաղվելու համար։ Մինչև ընտրությունները, որոնք կորոշեն Կոնգրեսի վերահսկողությունը, մնացել է 50 օրից էլ պակաս ժամանակ։

Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ հունիսին է հաստատել ռազմական լիազորությունների մասին բանաձևը, իսկ հուլիսին՝ մեկ այլ բանաձև, որոնք ձգտում էին դադարեցնել ԱՄՆ-ի գործողություններն Իրանում:

Երեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած քվեարկությունը համընկել է Բյուջետային վարչության զեկույցի հրապարակման հետ, որում նշվում է, որ իրանական կողմի հարվածները վնասել կամ ոչնչացրել են հարյուրավոր շենքեր և կառույցներ ԱՄՆ ռազմակայաններում՝ Քուվեյթում, Բահրեյնում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Օմանում և Հորդանանում։ Զեկույցում գնահատվում է, որ հակամարտության յուրաքանչյուր ամսվա ընթացքում պատերազմի ծախսերը կավելանան 3 միլիարդ դոլարով՝ կախված դրա ինտենսիվությունից։ Միաժամանակ, նշվում է, որ պատերազմը հանգեցրել է գնաճի։

Ծախսերի զգալի մասը կապված է հրթիռային պաշտպանության հետ։ Իրանական բալիստիկ հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար օգտագործվել է ԱՄՆ-ի Patriot, THAAD և ռազմածովային հակահրթիռային համակարգերի կուտակված պաշարների մեծ մասը։ Ըստ CBO-ի՝ դրանց վերականգնումը, «հավանաբար, առնվազն հինգ տարի կպահանջի, նույնիսկ եթե արտադրության ծավալներն ավելացվեն»։

Սպառազինության պաշարների պակասի մասին հրապարակումներին արձագանքելով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն ունի «աշխարհում որևէ այլ երկրից շատ ավելի մեծ զինամթերքի պաշարներ» և «շատ ավելին, քան մեզ անհրաժեշտ է»։

Օգոստոսին պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը CNN-ի՝ սպառված պաշարների վերաբերյալ հրապարակումը որակել էր որպես «ոչ ճիշտ»։

Տնտեսական զեկույցը հրապարակվել է մեկ օր անց այն բանից, երբ Պենտագոնի գլխավոր տեսուչը վերջապես ներկայացրել է  պատերազմի վերաբերյալ իր առաջին վերլուծությունը։ Ըստ դրա՝ մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ը միայն զինամթերքի վրա ծախսել է 22,3 միլիարդ դոլար, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 33,4 միլիարդ դոլար։ Զեկույցում նշվում է նաև, որ ռազմական գործողությունները հանգեցրել են ռազմավարական պաշարների պակասուրդի և բացահայտել արդյունաբերական բազայի խնդրահարույց կետերը՝ կապված զինամթերքի համալրման հետ։

Պենտագոնի զեկույցում անդրադարձ չի կատարվել պատերազմի առաջին օրը Մինաբի դպրոցին հասցված հարվածի վերաբերյալ գերատեսչության ներքին հետաքննությանը. այդ հարվածի հետևանքով զոհվել էր 156 մարդ, այդ թվում՝ 120 երեխա։ Քննադատները մեղադրում են Պենտագոնին հետաքննության արդյունքները կոծկելու մեջ։

CBO-ի զեկույցը նաև արձանագրել է, որ էներգակիրների գների աճը, որը մեծապես պայմանավորված է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումների խափանմամբ, նախորդ կանխատեսումների համեմատ՝ 0,5 տոկոսային կետով բարձրացրել է գնաճը։ Brent տեսակի նավթի գինը ռազմական գործողություններից առաջ մեկ բարելի դիմաց 64 դոլարից աճել է մինչև առավելագույնը 103 դոլարի։ CBO-ն կանխատեսում է, որ մինչև 2027 թվականի սկիզբը պատերազմը գնաճը կպահի սպասվածից 0,5 տոկոսային կետով բարձր մակարդակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment