ԿԲ նախագահի խոսքով, այսօր արտահանման և ներմուծման դիլեմայում հետաքրքիր օրինակ կարող է լինել Firebird նախագիծը, մասնավորապես՝ GPU-ների ներմուծումը
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կա տնտեսական աճի կայունացման խնդիր, հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Իհարկե, շատ դժվար է կանխատեսել, թե հատկապես որ ուղղությունը պետք է դառնա տնտեսական աճի դրայվերը, որովհետև մեր շուրջն ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ դրայվերները, բնականաբար, նույնպես կարող են փոխվել»,- ասաց նա նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ այսօր արտահանման և ներմուծման դիլեմայում հետաքրքիր օրինակ կարող է լինել Firebird նախագիծը, մասնավորապես՝ GPU-ների ներմուծումը:
«Այս պահին կարող է թվալ, թե մեզ մոտ ներմուծման հսկայական ծավալ կա, և որ դա շատ վատ է, որովհետև ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Բայց եթե, օրինակ, նայենք մեկ-երկու ցիկլ առաջ, կարելի է տեսնել, որ Firebird-ը արտահանելու է ծառայություններ, ստեղծելու է թոքեններ, որոնք սպառվելու են արտերկրում»,- ասաց Գալստյանը:
Հայաստանում Firebird նախագծի մասին
Հրազդանում արհեստական բանականության խոշոր տվյալների մշակման կենտրոնի՝ Firebird–ի նախագիծն իրականացվում է NVIDIA-ի մասնակցությամբ և Հայաստանի ու ԱՄՆ կառավարությունների աջակցությամբ:
2025 թվականի հուլիսին հաղորդվում էր, որ նախնական փուլում նախագծում ներդրումների ծավալը գնահատվում է շուրջ $500 մլն: Նախատեսվում էր NVIDIA Blackwell հազարավոր գրաֆիկական պրոցեսորների տեղակայում և ավելի քան 100 ՄՎտ հզորությամբ ենթակառուցվածքի ստեղծում:
2026 թվականի հունիսին Հայաստան է ստացվել NVIDIA Blackwell պրոցեսորների առաջին խոշոր խմբաքանակը՝ 1 792 միավոր, նախագծի առաջին փուլով նախատեսված 6 144 GPU-ներից: ԱԲ տվյալների կենտրոնի առաջին հերթը ստեղծվում է Հրազդանում:
Firebird-ի արդիական տեղեկատվության համաձայն՝ հայկական ԱԲ կենտրոնի առաջին հերթը նախատեսում է NVIDIA B200–ի 6 144 պրոցեսոր և 15 ՄՎտ հզորություն: Հայաստանում ընդլայնման հաջորդ փուլը նախատեսված է 125 ՄՎտ-ի և հաջորդ սերնդի 75 հազար GPU-ի համար, համախառն ներդրումները կարող են հասնել շուրջ $5 մլրդ-ի:
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով: Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի II երկամսյակում, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,7%-ով, իսկ տնտեսական ակտիվության աճը 7 ամսում տարեկան կտրվածքով կազմել է 7,7%, ինչը, Համաշխարհային բանկի գնահատմամբ, գերազանցում է նախնական կանխատեսումները: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), սպասվում է 5,7-5,3% միջակայքում:
Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները. ՀԲ – 5,3%, Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ) – 5,25%, Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) – 5,5%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ) – 5,5%, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) – 6%, S&P Global Ratings – 4,9%, Fitch Ratings – 5,2%: