Օգոստոսի սկզբին Ջիբրալթարի նեղուցով անցնելիս ԱՄՆ ուղղվող առնվազն երկու տանկեր ենթարկվել է կիբերհարձակման. այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներն ու նավերի տեղորոշման տվյալները։
ԱՄՆ իշխանությունները ներկայումս կասկածանքով չեն նայում Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին կամ որևէ այլ կոնկրետ երկրի, սակայն մտահոգություն են հայտնել, որ «վերջին միջադեպերը նոր ճակատ են բացում» ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունում։
Նավերը տեղափոխում էին նավթ և հեղուկացված բնական գազ (ՀԲԳ), ինչը մեծացնում էր պայթյունների, բախումների կամ նավթի արտահոսքի վտանգը, նշում է պարբերականը։ Տանկերներում կիրառվում է ինտեգրված համակարգ, ինչը նշանակում է, որ խափանումը կարող է հանգեցնել շարժիչի անսարքության կամ նավի կառավարման կորստի։ WSJ-ն ընդգծում է, որ հարձակման վայրը և նավերի նշանակման կետերը կասկածներ են հարուցում առ այն, որ հարձակվողները մտադիր են եղել խաթարել աշխատանքը ծովային կարևորագույն նեղուցում՝ Ջիբրալթարում, կամ թիրախավորել ԱՄՆ-ի նավահանգիստներից մեկը։
Մեքսիկական ծոց տանկերների ժամանումից հետո հատուկ խումբը, որի կազմում ընդգրկված են եղել նաև ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալներ, բարձրացել է նավերի վրա։ Ստուգումն իրականացվել է «ապահովելու նավերի շահագործման և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի անվտանգությունն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երկու նավերի ցանցերն էլ ենթարկվել են ներխուժման»։
Ըստ Bloomberg-ի՝ տանկերներից մեկը կրում է «VL Prosperity» անվանումը։ Նավը գրանցված է որպես Լիբերիայում գործող «GMF GLV No 4 SA» ընկերության սեփականություն։ Հուլիսի վերջին նավթի փոխադրման այս հսկայական նավը (VLCC) Եգիպտոսում բեռնել է 2 միլիոն բարել նավթ և Միջերկրական ծովով ուղղվել դեպի ԱՄՆ։ Օգոստոսի վերջին իրանական Mehr լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ջիբրալթարի նեղուցում տեղի ունեցած կիբերհարձակումից հետո «VL Prosperity»-ի հետ կապը կորել էր 30 ժամով։