Մենք՝ ներքոստորագրյալ արցախյան, հայաստանյան եւ սփյուռքյան հասարակական կազմակերպություններս եւ գործիչներս, վճռական բողոք ենք հայտնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածք օտարերկրյա ներկայացուցիչների այցերի և այդ այցերի ընթացքում իրականացվող անթույլատրելի հրապարակային գործողությունների կապակցությամբ։
Նման գործողությունները Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվում են՝ միջազգային ճանաչման և ընդունելիության տպավորություն ձևավորելու համար՝ քաղաքական-իրավական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի ապօրինի կիրառմամբ և էթնիկ զտմամբ լուծելու քաղաքականության նկատմամբ։
Այս համատեքստում հայկական ժառանգության օբյեկտներ այցելելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան միջազգային իրավական պարտավորությունները և դրանց պահպանման համար առկա՝ փաստագրված ռիսկերը։
Վերոգրյալի կապակցությամբ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին.
1. Պատշաճ քաղաքական և իրավական գնահատական տալ իրենց ներկայացուցիչների՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածք կատարած այցերին։
2. Պահանջել տեղեկատվություն նման այցերի նպատակների, ձևաչափի, իրավական և էթիկական հիմքերի վերաբերյալ։
3. Չմասնակցել այն միջոցառումներին, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի՝ Արցախի, նրա ժողովրդի և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող հանցավոր քաղաքականության միջազգային լեգիտիմացմանը։
4. Հայկական մշակութային և կրոնական օբյեկտներ այցելելիս հաշվի առնել դրանց պատմական պատկանելությունը և հայկական ինքնության պահպանման խնդիրները։
5. Ադրբեջանի իշխանությունների առջև բարձրաձայնել հայկական եկեղեցիների, վանքերի, հուշարձանների, գերեզմանատների, թանգարանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների պահպանության հարցերը։
6. Պահանջել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի սահմանած պարտավորությունների անվերապահ կատարումը, ինչպես նաև ապահովել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության՝ իրենց բնակավայրեր անվտանգ, արժանապատիվ և առանց խտրականության վերադարձի իրավունքի իրականացումը։
7. Դիվանագիտական և միջազգային համապատասխան հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել և պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության՝ իր հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը՝ որպես նրա հիմնարար իրավունքների և արդար ու կայուն խաղաղության անբաժանելի բաղադրիչ։
8. Դիվանագիտական և միջազգային համապատասխան հարթակներում հետևողականորեն պահանջել Ադրբեջանի իշխանություններից ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության անարգել մուտքը Արցախ՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգության վիճակը գնահատելու և դրա վերաբերյալ մասնագիտական զեկույց պատրաստելու նպատակով։
Մենք ակնկալում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտոնապես կքննարկեն սույն դիմումը և անհապաղ կձեռնարկեն համապատասխան դիվանագիտական քայլեր»։