Ծավում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Ավանեսյան

Բաժանորդագրվել

ՀՀ առողջապահության նախարարի պնդմամբ` այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած որևէ քաղաքացի չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է։ Սա պարզվել է, երբ Ծավի բնակիչներից մեկը դիմել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղ՝ հայտնելով, որ իր բնակարանի ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված։

Մասնաճյուղի մասնագետները բնակչի տնից իրականացրել են ջրի նմուշառում և հենց լաբորատոր հետազոտության արդյունքում է երևացել, որ նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցում է։

«Որևէ տուժած չունենք։ Մենք չենք սպասել, որ քաղաքացիները դիմեն, արտագնա բժշկական թիմ է մեկնել, տեղում բնակիչների հետ ենք խոսել, գանգատներն ենք լսել։ Փաստել ենք, որ ախտանշաններով որևէ քաղաքացի չունենք։ Համայնքը ջրամատակարարմամբ ապահովում է խմելու և կենցաղային ջրով, մինչև մեր հաջորդիվ փորձաքննությունների ավարտն ու ջրի մաքրման ավարտը»,– նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով` օրը մի քանի անգամ օպերատիվ խմբի հետ աշխատանքներ են իրականացվում, այսօր էլ կրկնակի փորձաքննությունների արդյունք կլինի` ավելի լայն աշխարհագրությունով։

Հիշեցնենք, որ մինչև ջրի որակի վերականգնումը, նախարարությունը հորդորել է Ծավ բնակավայրի բնակիչներին զերծ մնալ ջրի օգտագործումից` խմելու և կենցաղային նպատակներով:

Leave a comment