Ողջ աշխարհը փորձում է պարտադրել խաղաղությունը ու միայն Նիկոլ Փաշինյանն է ձգտում այն «խնամել»

Նիկոլ Փաշինյանը հաճախ է խոսում «խաղաղության խնամքից»՝ ներկայացնելով այն որպես միջպետական հարաբերությունների անկյունաքար։ Եթե իրոք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարծում է, որ խաղաղությունը պետք է «խնամել», ապա նա զուրկ է քաղաքական մտածելակերպից, քանի որ իրականում խաղաղությունը չեն «խնամում», որովհետև այն որևէ խնամքի կարիք չունի։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, պատկերացում չունի ո՛չ պատերազմի, ո՛չ էլ խաղաղության մասին։ Սովորաբար թե՛ պատերազմը, ու թե՛ խաղաղությունը միջպետական հարաբերությունների դրսևորման տարբեր ձևեր են։ Երբ առկա է լինում այնպիսի խնդիր, որը պահանջում է պարտադիր լուծում, ապա սկզբում պետությունները փորձում են այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, դիվանագիտական խողովակներով, բանակցություններով թե՛ երկկողմ, թե՛ միջնորդավորված ֆորմատով ու երբ այդ բոլոր ռեսուրսները սպառվում են ու հարցը մնում է չլուծված, ապա պետությունները դիմում են պատերազմի։ Պատերազմը նույնպես կարող է ունենալ տարբեր վերջաբաններ, ընդհուպ կողմերից մեկի ամբողջական կապիտուլյացիան, որին էլ կարող է հաջորդել խաղաղությունը։ Դրանք ամբողջը միջպետական հարաբերություններ են, ընդ որում խաղաղությունը նույնպես կարող է ունենալ տարբեր դրսևորումներ, օրինակ՝ մի կողմի ամբողջական ենթակայությունը մյուսին։

Սակայն անկախ դրսևորումներից, երբ պետությունները որոշում են հասնել խաղաղության, ապա այդ խաղաղությունը ոչ թե «խնամում են», այլ հաստատում։ Իսկ ինչպե՞ս են կողմերը հաստատում խաղաղություն, եթե իհարկե այն պարտադրված չէ կապիտուլյացիայի տեսքով։

Խաղաղությունը հաստատում են միջպետական պայմանագրերով, միջազգային սկզբունքներով, անվտանգային մեխանիզմներով, դաշնակիցներ ձեռք բերելով, տնտեսական հզոր առաջընթացով, շահերի համադրմամբ, ունենալով ուժեղ բանակ՝ որպես զսպող մեխանիզմ…Ընդ որում, որքան էլ ոմանք փորձեն «խնամել» խաղաղությունը, այդ բալանսի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի։

Մեկ էլ խաղաղության մեջ են լինում այն պետությունները, որոնք ընդհանրապես չունեն որևէ ընդհանրություն, ո՛չ շահերի համադրման, ո՛չ էլ հակասության տեսքով, ինչպես օրինակ՝ մենք ու Էկվադորը։

Ցավալիորեն պետք է փաստել, որ Հայաստանը զուրկ է տնտեսական հզոր առաջընթացից, վանում է առկա դաշնակցին, փոխարենը ձեռք չի բերում նորը, սառեցրել է հարաբերությունները գործող անվտանգային համակարգում, անդամակցման որևէ հնարավորություն չունի նորում, հայ-ադրբեջանական «խաղաղության» հիմքում չկա ոչ մի անվտանգային մեխանիզմ, բանակը ներկա իշխանությունների կողմից չի ընկալվում որպես զսպող մեխանիզմ, ու մենք միայն զբաղված են այդ փխրուն խաղաղությունը «խնամելով», իսկ սովորաբար խնամքի կարիք ունենում է հիվանդը։

Կարեն Կարապետյան

Leave a comment