Հրդեհից թոշակառուին փրկած ուսանողն արժանացել է Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի

Բաժանորդագրվել

Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը շնորհվում է այն մարդկանց, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ուսանող Արսենի Վախտինը դարձել է Տիգրան Քեոսայանի անվան մրցանակի դափնեկիր՝ Եսենտուկիում հրդեհի ժամանակ 94-ամյա կնոջը փրկելու համար։ Մրցանակի չափը կազմել է 1 միլիոն ռուբլի։

Հրդեհը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Բոլշայա Բորգուստանսկայա փողոցի երկհարկանի առանձնատանը։ Վախտինը, որը սովորում է փրկարար-տեխնիկի մասնագիտությամբ, պատահաբար մոտակայքում է եղել և նկատել է, թե ինչպես է մի կին երեք երեխաների հետ դուրս վազում այրվող շենքից։ Իմանալով, որ ներսում է մնացել նրա 94-ամյա տատիկը, ուսանողը մտել է տուն, բարձրացել երկրորդ հարկ և դուրս բերել անգիտակից վիճակում գտնվող թոշակառուին։

«Կրակի պատճառով չէի կարողանում ամբողջ հասակով կանգնել, կռացա և սկսեցի տատիկին քարշ տալ դեպի աստիճանները, գրկեցի ու դուրս հանեցի տնից։ Հետո նրան հանձնեցի հարազատներին»,-RT-ին պատմել է Արսենին։

Տուժածին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ հրշեջների ժամանման պահին կինն արդեն ապահով վայրում է եղել։ Ինքը՝ Վախտինը, չի տուժել։ Ավագ տեսուչ Աննա Իսաևայի խոսքով՝ ուսանողի օպերատիվ գործողություններն օգնել են խուսափել ավելի լուրջ հետևանքներից։

Վախտինը ծրագրում է իր հետագա մասնագիտական գործունեությունը կապել հրդեհային անվտանգության հետ և դառնալ հրդեհային հսկողության տեսուչ։

Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը շնորհվում է այն մարդկանց, որոնք սեփական կյանքը վտանգելով փրկում են ուրիշներին։

Leave a comment