Մերձավոր Արևելքի հակամարտության տարածումը Եմեն և Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակություն ունեցող նավթամուղի վրա անօդաչուների հարվածները ցույց են տալիս, որ Իրանի հետ պատերազմն այլևս չի ընկալվում որպես համաշխարհային էներգամատակարարման կարճաժամկետ ցնցում։ Reuters-ի սյունակագիր Ռոն Բուսսոյի կարծիքով՝ այժմ գլխավոր հարցն այն է, թե շուկան որքան ժամանակ կկարողանա գործել ներկայիս պայմաններում։
Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ աշխարհում էներգակիրների արտադրության կարևորագույն տարածաշրջանը։ Եթե Պարսից ծոցի երկրների նավթի արտահանումը կրճատվի կիսով չափ, համաշխարհային շուկան դեռ մի քանի ամիս կկարողանա փոխհատուցել պակասը, սակայն այդ հնարավորությունն անսահմանափակ չէ։
Մինչ պատերազմի սկիզբը տարածաշրջանին բաժին էր ընկնում նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։ Արտահանման խափանումներն արդեն զգալիորեն նվազեցրել են համաշխարհային պաշարները։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ հակամարտության սկզբից դրանք կրճատվել են 507 մլն բարելով՝ օրական մոտ 2.8 մլն բարելի համարժեքով։
Reuters-ի փոխանցմամբ՝ շուկան երկար ժամանակ ակնկալում էր, որ Դոնալդ Թրամփը կկարողանա ավարտել հակամարտությունը, երբ բենզինի գների աճն ու քաղաքական ծախսերը չափազանց մեծ դառնան։ Սակայն այդ սցենարը ենթադրում էր նաև Թեհրանի պատրաստակամությունը փոխզիջման, որի նշաններն առայժմ գրեթե չկան։
Իրանի ղեկավարությունը հակամարտությունն ընկալում է որպես գոյատևման պայքար և հնարավոր բանակցություններից առաջ շահագրգռված է ԱՄՆ-ի ու համաշխարհային տնտեսության նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղացնելու մեջ։ Միաժամանակ Վաշինգտոնն ավելի է սահմանափակում իրանական նավթի արտահանումը՝ մեծացնելով երկարատև դիմակայության տնտեսական գինը Իրանի համար։
Հութիների գործողություններն ու Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են ժամանակավորապես ուժերի հարաբերակցությունը փոխել հօգուտ Թեհրանի։ Բուսսոյի գնահատմամբ՝ աճող ճնշումը կարող է կողմերին ի վերջո բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն նրանք կարող են նաև շարունակել պայքարը՝ փորձելով տնտեսական կամ ռազմական նոր առավելություններ ձեռք բերել։
Reuters-ի գնահատմամբ՝ գլխավոր ռիսկն այն է, որ պատերազմը կարող է շարունակվել ևս երկար ամիսներ։ Այդ դեպքում մատակարարումների նոր խափանումները կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ շուկան այլևս գրեթե չի ունենա առաջարկի հերթական կրճատումը փոխհատուցելու համար անհրաժեշտ պահուստներ։