«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է պատվիրակություն կազմել Բաքու մեկնելու և հայ պատանդներին տեսակցելու նպատակով:
«ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել եմ ձևավորել պատգամավորական պատվիրակություն, որի կազմում ՔՊ-ից կլինի 5, «Ուժեղ Հայաստանից»՝ 3, իսկ «Հայաստան» դաշինքից՝ 2 պատգամավոր, և մեկնել Բաքու»,-ասել է նա Ազգային ժողովի ամբիոնից, հայտնում է Aysor.am-ը:
«Նպատակը՝ հանդիպել բոլոր պատանդներին, ծանոթանալ պահման պայմաններին, առողջական վիճակին, վերցնել դատավճիռները, հանդիպել Մարդու իրավունքների պաշտպանին, նաև փորձել հանդիպել Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ-ի դեսպաններին»,-ասել է Վարդանյանը։
Նա Ռուբինյանին առաջարկեց ղեկավարել պատվիրակությունը։
«Դրանց հետ աշխատանքի փորձ ունեք։ Փորձեք կազմակերպել Միրզոյան-Բայրամով զույգի միջոցով, եթե չհաջողվի՝ միևնույն է, մեքենաներով գնանք Վրաստանով Բաքու։ Մենք կատարենք մեր պարտքը, անենք ինչ ճիշտ է ու պատասխանատու, մնացածի մասին հետո կխոսենք»,-ասել է Վարդանյանը։
Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայ բանտարկյալների ընտանիքների անունից, ուղերձով դիմել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ պատրաստակամություն հայտնելով նրա հետ մեկնելու Բաքու: