Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության միջև ընտրության հարցում Հայաստանի իշխանությունների պահվածքը համեմատել է ամուսնալուծության եզրին ընտանիքում տիրող իրավիճակի հետ։
«Դա նման է մի իրավիճակի, երբ երկու հոգի միասին են ապրում, բայց մեկն արդեն գործնականում ապրում է մեկ այլ ընտանիքում։ Իսկ մյուսը հարցնում է. «Ասա՛ խնդրեմ, ո՞րն է քո իրական դիրքորոշումը։ Մենք ընտանի՞ք ունենք, թե՞ դու արդեն մեկ այլ ընտանիքում ես»։ Եվ պատասխանը անորոշ է՝ ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ։ «Հետո կորոշենք», – ասում են։ Բայց ե՞րբ է այդ «հետոն»։ Երբ սկսո՞ւմ են կահույքը դուրս տանել, ներողություն արտահայտության համար։ Սա տարրական պարկեշտության խնդիր է», – ասել է դիվանագետը՝ Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Կարծես ասում են. «Եթե այնտեղ համաձայնեն ինձ ընդունել, ապա կասեմ՝ արդյոք ես քո ամուսինն եմ, թե՞ ոչ։ Իսկ առայժմ ինձ պարզապես համարիր քո ամուսինը, թեև մտքումս ունեմ մեկ այլ՝ «բազմավեկտոր» հեռանկար»», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս անդամները հանդես են գալիս ԵՄ-ին միանալու՝ Երևանի հնարավոր քայլի վերաբերյալ հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու օգտին։
«Ոչ միայն ազնիվ, այլև բացարձակապես անհրաժեշտ կլիներ պարզել այն ուղին, որով ընթանում է հանրապետությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Եթե բոլորը մասնակցում են որևէ կոնկրետ ինտեգրացիոն միավորման, ապա նրանք պատասխանատվություն են կրում, կիսում ռիսկերը և ծրագրում ապագան։ Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր կամ դատարկ բարոյախոսություն չեն. սա պատասխանատվության խնդիր է քաղաքացիների, տնտեսավարող սուբյեկտների և բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձևավորում են իրենց ապագա ֆինանսական, տնտեսական, արդյունաբերական, արտադրական և լոգիստիկ ռազմավարությունները», – ընդգծել է դիվանագետը։