Սեպտեմբերի 15-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Վալոնիայի կառավարության ղեկավար Ադրիեն Դոլիմոնի հետ։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վալոնիայի միջև զարգացող առևտրատնտեսական համագործակցության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները և պայմանավորվել են ակտիվացնել փոխգործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև Վալոնիայի ռազմարդյունաբերական համալիրի հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրա ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի ձեռքբերումները և ընդգծել այս ուղղությամբ համագործակցությունն ընդլայնելու հայկական կողմի պատրաստակամությունը։
Տիգրան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը քննարկել են նաև գիտակրթական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը։ Կողմերը կարևորել են միմյանց արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը և պայմանավորվել են աշխուժացնել համագործակցությունն այս ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին և ընդգծել այդ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։
Անդրադառնալով Լյեժում Վալոնիայի կառավարության մասնակցությամբ ԹՈՒՄՈ կենտրոնի բացմանը՝ դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական և արհեստական բանականության էկոհամակարգի աճող ներուժը և նշել, որ այդ ուղղությունը դիտարկվում է Վալոնիայի հետ փոխգործակցության առաջնահերթ ոլորտներից մեկը։
Հանդիպման ավարտին դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող նախաձեռնություններին սատարելու համար և ՀՀ կառավարության անունից Վալոնիայի կառավարության ղեկավար Ադրիեն Դոլիմոնին հրավիրել է այցելել Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի կապակցությամբ։
Դիտումների քանակ5